Monday, February 22, 2010

ԻՆՉ ՈՐ ԲԱՆ ԱՅՆ ՉԷ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ

«Լրագիր» 22-2-2010- Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների հանդեսպ ոստիկանության “հոգատար” վերաբերմունքը որեւէ մեկի համար երեւի թե զարմանալի չէ, հատկապես երբ խոսքը վերաբերում է կոնգրեսի համակիր կանանց կամ կոնգրեսական երիտասարդներին կամ պատանիներին: Այդ երկու խմբերը պարբերաբար են ենթարկվում ոստիկանական հարվածների, որոնք, ի դեպ, երբեք չեն ունենում տրամաբանական բացատրություն, պատճառահետեւանքային որեւէ բանական հիմնավորում: Ավելին, կոնգրեսական պատանիների եւ երիտասարդների գրեթե բոլոր ակցիաների ժամանակ ոստիկանությունն ինքն է սադրում բախում, հետո դրա համար մեղադրում երիտասարդներին: Այդ բախումները հրահրում են քաղաքացիական հագուստով ոստիկանները, որոնք հաճախ կատարում են խուլիգանների դեր: Եղել են այդպիսի բազմաթիվ առիթներ, երբ պատանիների վրա խուլիգանական հարձակում է եղել, իսկ հետո այդ պատանիները ճանաչել են ոստիկանության այս կամ այն բաժնի աշխատակցին, որը խուլիգանի կերպարանքով հարձակվել էր իրենց վրա: Այդ ամենը արդեն հանրահայտ ճշմարտություն է, եւ որեւէ մեկն այդ մասին լսելիս առանձնապես զարմանք չի արտահայտում: Բայց նախորդ շաբաթավերջին կազմակերպված երթի ժամանակ ոստիկանության հերթական գործողությունը կոնգրեսի ակտիվիստների ու համակիրների հանդեպ, որոշակի զարմանք առաջացրեց: Բանն այն է, որ այդ երթը “պետականության հիմքերի” եւ “հասարակական կարգուկանոնի” տեսանկյունից կարծես թե որեւէ վտանգ չէր ներկայացնում: Մարդիկ, ինչպես միշտ, խաղաղ երթ էին անում եւ իրենց բողոքն արտահայտում երկու տարի առաջ տեղի ունեցած նախագահի ընտրության կեղծիքի եւ դրանից հետո առկա իրավիճակի կապակցությամբ: Ոստիկանությունն, անշուշտ, ինչպես միշտ, կտա մի բացատրություն, որից կպարզվի, որ կարմիր բերետավորները խիստ հիմնավոր են միջամտել երթի ընթացքին եւ բռնություն կիրառել երիտասարդների ու կանանց, այդ թվում մարտի 1-ի զոհերի ծնողների նկատմամբ: Այդ բացատրությունից գուցե պարզվի, որ ասենք շատ քիչ, մոտ 5 րոպե էր մնացել, որ մարտի 1-ի զոհերի ծնողները եւ կոնգրեսի երիտասարդները ռազմական հեղաշրջում իրականացնեին Հայաստանում, եւ եթե կարմիր բերետավորները չմիջամտեին, ապա հիմա Հայաստանը քաոսի մեջ կլիներ: Բայց, որպես կանոն, ոստիկանության գրեթե բոլոր համանման բացատրությունները հասարակությանը ոչ թե ոստիկանության իրավացիության, այլ հակառակի մասին են համոզում: Ու բացառություն չի լինելու նաեւ հերթական բացատրությունը: Իսկ իրականությունը հասարակության համար պարզ է նույնիսկ ավելի շուտ, քան այն տեղի է ունենում: Հանրության համար արդեն պարտադիր չէ, որ ոստիկանությունը որեւէ բռնություն կիրառի ընդդիմության նկատմամբ, որ հետո փորձեն հասկանալ, թե ինչն է պատճառը: Հասարակությունը պատճառները լավ գիտե, առավել եւս 2008 թվականի նախագահի ընտրության հետընտրական իրադարձություններից հետո: Բայց այժմ թերեւս, պատճառների թվին կարող է դասվել եւս մեկը: Բանն այն է, որ Հայաստանի ոստիկանությունում այժմ կան բավական մշուշոտ իրողություններ, ինչն օրինակ շատ ակնհայտ արտահայտվեց Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի մամուլի ասուլիսի ընթացքում, որն ի դեպ հենց այն օրն էր, երբ դրանից մի քանի ժամ անց տեղի ունեցավ ոստիկանության գործողությունը ընդդիմության երթի մասնակիցների հանդեպ: Նազարյանն իր ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ ինքը ցանկանում է դառնալ ոստիկանապետ եւ ունի առաջ գնալու արժանիքներ, պարզապես ամեն ինչ պետք է լինի իր ժամանակին: Դա ուղղակի վկայություն է այն բանի, որ Հայաստանի ոստիկանությունում որոշակիորեն խախտված է հիերարխիկ համակարգը: Հազիվ թե այնպիսի համակարգում, ինչպիսին ոստիկանությունն է, կամ բանակը, նորմալ դիտվի, երբ ասենք հրամանատարի տեղակալը բացահայտ հայտարարի, որ ցանկանում է հրամանատար դառնալ եւ նաեւ խոսի, որ արժանիքներ ունի եւ ակնարկի, որ կգա նաեւ դրա ժամանակը: Բանն այն է, որ այդօրինակ հայտարարությունները, մեղմ, ասած անորոշություն են առաջացնում հիերարխիայի ստորին օղակներում: Բայց, եթե այդպիսի հայտարարությունները համարձակորեն հնչում են, դա նշանակում է, որ որոշակիորեն խարխլված է պատասխանատվության մեխանիզմը ոստիկանությունում: Իսկ եթե այդ մեխանիզմը խարխլված է, ապա այդ վիճակում գտնվող իրավապահ համակարգի գործողությունները դառնում են անկառավարելի, կամ ում կողմից ասես կառավարելի: Օրինակ, այդպիսի մի հանգամանքի վառ դրսեւորում կարելի է համարել վերջերս գործարար Սարիբեկ Սուքիասյանի հետ տեղի ունեցածը, երբ ոստիկանությունը փաստացի մի աղմուկի պատճառ, որը չի տեղավորվում որեւէ նորմալ տրամաբանության մեջ եւ ընդամենը հերթական անգամ մեղմ ասած անհարմար վիճակի մեջ դրեց թե ոստիկանությանը, թե իշխանությանն ընդհանրապես: Գրեթե նույն անտրամաբանությունն է նաեւ ընդդիմության երթի մասնակիցների հանդեպ կիրառված հերթական բռնությունը, որը բացի ոստիկանությանը, իսկ ոստիկանության գործողությունների միջոցով էլ իշխանությանը հերթական անգամ անհարմար վիճակի մեջ դնելուց, որեւէ այլ բան բնականաբար չտվեց: Բայց, մյուս կողմից, գուցե ինչ որ մեկին դա ինչ որ բան այդուհանդերձ տվել է կամ տալիս է, կամ կտա, ժամանակի ընթացքում, “ամեն ինչ իր ժամանակն ունի” տրամաբանության շրջանակում, ինչի մասին որ օրինակ խոսում էր Ներսես Նազարյանն իր ոստիկանապետական ցանկությունների մասին բարձրաձայնելիս: ՋԵՅՄՍ ՀԱԿՈԲՅԱՆ

No comments: