Tuesday, February 16, 2010

ԱՅՍՕՐ ԱՐԹՈւՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Report.am. 16-2-2010- Լեռնային Ղարաբաղի պայքարի, անկախացման և պետականորեն կայացման գործընթացը մարմնավորվեց բազում հայորդիների կերպարով: Ճակատագրական փորձությունը շատերի կենսագրությունը շեղեց հունից, ուսանողին, բանվորին, արվեստագետին, դարձնելով զինվոր, քաղաքական ու պետական գործիչ: Պատմաբանի ու մտավորականի իր հաստատուն ուղին անցնող Արթուր Մկրտչյանին վիճակվեց դառնալ ազատամարտիկ-հրամանատար և անկախացող Արցախի ղեկավար, դառնալ ձևավորվող իշխանության բարձրագույն մարմնի` Գերագույն խորհրդի նախագահը: Անհավակնոտ ու ներամփոփ մտավորականը չպիտի համաձայներ այսպիսի պատվի ու պատասխանատվության հետ, եթե ցանկությունը հարցնեին, սակայն ուրիշները թերևս ավելի մեծ արժանիքներ ու կարողություններ տեսան իր մեջ, քան հենց ինքը: Որևէ գործչի իրական գնահատումը կատարելու համար անհրաժեշտ է երևակել նրա կերպարը ժամանակային միջավայրի մեջ: Ուրեմն առանց մանրամասների մեջ խորանալու փորձենք պատկերացնել հազար իննը հարյուր իննսուներկու թվականի առաջին կեսի Արցախը և պարզ կդառնա, թե պատերազմական ծանր ու դրամատիկ ինչպիսի շրջափուլում Արթուր Մկրտչյանին բախտ վիճակվեց դառնալու երկրամասի առանցքային դեմքը: Մեր աչքի առաջ օր-օրի կայանում ու մեծանում էր պատերազմի բովում ծնվող երկրի պետական գործիչը` օժտված մտավորականի գիտելիքով, կուռ տրամաբանությամբ անսասանելի նպատակասլացությամբ և անխորտակ հավատով: Ժողովուրդը հավատաց և սիրեց իր նորօրյա առաջնորդին: Ժողովուրդը չի մոռանում և այսօր էլ սիրում է իր Արթուրին, շատ հաճախ այլոց գնահատելու համար չափանիշ դարձնելով նրա կերպարը: Ժողովրդի այդ սերը ամենամեծ վարձատրությունն է, որ ավելի ծանր է կշռում քան նույնիսկ մահը: Լեռնային Ղարաբաղի Գերագույն խորհրդի Նախագահ Արթուր Մկրտչյանն իր կենսագրության վերելքի ճանապարհին հեռացավ ասպարեզից և կորստի չափը վերջինիս հաղորդում է համազգային ողբերգության կշիռ: Առավել գնահատելին ազգային ու պետական գործչի անկաշառ մտավորականի ու հայրենասերի այն որակն էր, որ այնքան հարկավոր էր նորանկախ պետության ավանդույթները արմատավորելու շրջանում: Երբ մտովի անդրադառնում ենք մեր նորօրյա պատմության արցախյան տարեգրությանը, Արթուր Մկրտչյանի լուսավոր կերպարը ևս մի առիթ է ընձեռում հպարտանալու, որ հայ ես:

No comments: