Wednesday, February 17, 2010

Սխալ թարգմանությունը թյուրիմացություն է առաջացրել Իրանի և ՄԱԳԱՏէ-ի միջև

Panorama.am. 16-2-2010- Արդեն երկրորդ օրն է, ինչ շարունակվում է Իրանի ուրանի հարստացման ծրագրի շուրջ նոր առաջարկությունների մասին հակասական լուրերը: Իրանի Իսլամական Հանրապետության ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Ակբար Սալեխին դեռ երեկ հայտարարել էր, թե ուրանի հարստացման հետ կապված Իրանը ՄԱԳԱԷ-ից ստացել է նոր առաջարկություններ: Ըստ Սալեխիի, նոր նախաձեռնություններն եկել են Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄն-ի կողմից: Տեղեկատվությունը հաստատել էր նաև երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը, հավելելով, որ դրանք քննարկվում են և համապատասխան եզրակացության առկայության պարագայում Իրանի դիրքորոշումը կհրապարակվի: Հայտարարությունից ժամեր անց Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ, թե ոչ Ռուսաստանը, ոչ էլ գործընկերները` Ֆրանսիան և ԱՄՆ-ն որևէ նոր առաջարկություն չեն արել ուրանի հարստացման վերաբերյալ: Առաջարկություն ուղարկելու մասին տեղեկատվությունը ժխտել է նաև Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը: Խնդրում հստակություն է մտցվել միայն այսօր, երբ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մանուչեր Մոթաքքին Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամլո ասուլիսում,հայտարարել է,թեր նոր առաջարկությունների վերաբերյալ թյուրիմացություն է տեղի ունեցել: ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները ոչ թե նոր առաջարկություններ են ուղարկել, այլ ընդամենը պատրաստակամության ուղերձ են հղել շարունակելու բանակցությունները: Սխալ թարգմանության արդյունքում, պաշտոնական Թեհրանը ընդունել է դրանք իբրև նոր նախաձեռնություններ: Այդ մասին գրում է Ասոշիեյդիդ Պրես (Associated Press) գործակալությունը: Հիշեցնենք, միջուկային ծրագրի շուրջ 6+1 ձևաչափով (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա և Իրան) բանակցությունների նախորդ փուլում քննարկվում էր Իրանի ցածրհարստացված ուրանի պաշարներն երրորդ երկրում մշակելու հավանականությունը: Սակայն, ՄԱԳԱՏէ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև Նյու- Յորքյան հանդիպումից հետո, Իրանը կտրուկ փոխել է իր մարտավարությունը, պնդելով, որ ուրանը երկրից չի կարող դուրս բերվել:

No comments: