Wednesday, February 17, 2010

«Milliyet» թերթը հրապարակել է ԱՄՆ դեսպանի և թուրք մեջլիսականների հանդիպման մանրամասները

Panorama.am. 17-2-2010- Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեյմս Ջեֆրիի` նախօրեին թուրք մեջլիսականների հետ ունեցած հանդիպումը, ըստ «Milliyet» օրաթերթի, անցել է բավական լարված մթնոլորտում: Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Միացյալ Նահանգների դեսպանին էր փոխանցել Անկարայի մտահոգությունները Հայոց ցեղասպանության N252 բանաձևի առնչությամբ: Թուրք հանձնաժողովականները դժգոհել են. «ԱՄՆ-ն այդ բանաձևը, որպես դամոկլյան սուր, պահում է Թուրքիայի գլխավերևում»: Ջեֆրին էլ, նշելով, որ այդ բանաձևի ընդունման հավանականությունը կազմում է 50 տոկոս, պատասխանել է. «Եթե այն ընդունվի, ապա բացասաբար կազդի թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա: Ինչպես պրն Օբաման դեկտեմբերի 7-ին պրն Էրդողանին էր ասել, ելքը Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելն է: Այսպիսով միակ ելքը Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների վավերացումն է»: «Milliyet»-ն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ջեֆրիի այդ պատասխանին կտրուկ է արձագանքել ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) պատգամավոր Դենիզ Բոլուքբաշը: «Ի՞նչ եք ուզում դրանով ասել: Ձեր խոսքերը թաքնված սպառնալիք են: Ձեր արածն իրավացի չէ: Մենք էլ թուրքական կառավարությունից պահանջում ենք ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարեկամությանը վնասող մի օրինագիծ բերել խորհրդարան և հաստատել այն: Կառավարությունը կամ պետք է Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունները չեղյալ հայտարարի ու հետ կանչի, կամ էլ իսկույն քվեարկության դնի ու միաձայն մերժի»,- ասել է Բոլուքբաշը: Մեկ այլ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP) պատգամավոր Շյուքրու Էլեքդաղն էլ հարցրել է, թե Հայաստանի Սահմանադրական դատարանի ընդունած որոշումը վերլուծելուց հետո ամերիկյան կողմը դեռ ցանկանում է, որ Անկարան վավերացնի այդ արձանագրությունները: Աղբյուրի հաղորդմամբ` ԱՄՆ դեսպանը չի պատասխանել այդ հարցին: Ընդամենը խոստացել է հնչեցված մտահոգությունների մասին տեղեկացնել Վաշինգտոնին: Նշվում է, որ հանդիպումը տևել է մեկուկես ժամ:

No comments: