Wednesday, February 17, 2010

Թուրքիայում քրդական PKK-ի դեմ սկսվում են ռազմական գործողություններ

News.am. 17-2-2010- Թուրքիայի լավագույն հինգ բրիգադներից մեկը՝ Թունջելիի (Դերսիմ) 4-րդ բրիգադի հատուկ նշանակության զորքերը լայնածավալ գործողություններ են սկսել նահանգի քրդերի դեմ: Գործողությունները սկսելու համար հիմք են ծառայել հետախուզությունից ստացած տվյալները, թե PKK-ի (Քրդական բանվորական կուսակցություն) առաջնորդ Աբդուլահ Օջալանի ձերբակալման 11-րդ տարելիցի կապակցությամբ PKK-ն իրականացնելու է ահաբեկչական գործողություններ: Թունջելիում PKK-ի դեմ 2010 թվականին առաջին ռազմական գործողությունն է սկսվում, որին մասնակցում են միայն պրոֆեսիոնալ զինվորականներ: Ռազմական ուղղաթիռների ուղեկցությամբ գործողությունների ընթացքում հայտնաբերվել են PKK-ի զինյալների թաքստոցներ, որտեղից վերջիններս հասցրել են հեռանալ: 4-րդ բրիգադի հատուկ նշանակության զորքերի մի մասը դուրս է եկել Թունջելիի սահմաններից եւ անցել տեղազննության Բինգյոլի, Էլազըղի եւ Մուշի նահանգներում: Նախատեսվում է, որ մարտ ամսից PKK-ի դեմ ռազմական գործողությունների աշխարհագրությունը կընդլայնվի: Նշենք, որ Թունջելին` նախկին Դերսիմը համարվում է քրդական դիմակայության հայտնի օջախներից մեկը: Հենց Դերսիմում էր, որ թուրքական իշխանությունները 1937-ին արյան մեջ խեղդեցին քրդական ապստամբությունը: Տարբեր տվյալներով Դերսիմում թուրքական իշխանությունները կոտորել են մինչեւ 100 հազար հոգու, այդ թվում եւ Ցեղասպանությունից փրկված բազմաթիվ հայերի: Թուրքիայում մինչեւ հիմա քննարկվում է 1993-ին Թունջելիում PKK-ի կողմից 33 թուրք զինվորականների սպանությունը, ինչպես նաեւ դրանից երկու ամիս անց եւս 9 թուրք զինվորականների սպանությունները նույն շրջանում: 2009-ի դեկտեմբերի սկզբին Թուրքիայի Թոքաթ նահանգի Ռեշիդիեյում 7 թուրք զինվորականների սպանությունը իրենց վրա էին վերցրել PKK-ի Թունջելիի պատասխանատուները:

No comments: