Tuesday, March 23, 2010

ՌԴ-ի ջավախահայությունը որոշել է «անցնել հստակ գործողությունների»

Aysor.am. 22.03.2010- Նախօրեին Մոսկվայում Վրաստանի դեսպանատան առջև ի նշան Ջավախքում ապրող հայերի նկատմամբ խտրականության` «Մենք դեմ ենք Ջավախքում ապրող հայերի նկատմամբ վարվող խտրական քաղաքականությանը», «Ազատություն քաղբանտարկյալ Վահագն Չախալյանին», «Հայերենը Ջավախքի շրջանային լեզուն է» կարգախոսներով բողոքի ակցիա է տեղի ունեցել: Ակցիայի կազմակերպիչները Ռուսաստանի ջավախահայ համայնքն է: Ինչպես հայտնում են կազմակերպիչները, բողոքի ակցիան անցել է խաղաղ մթնոլորտում: Տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ջավախահայերը դժգոհում են, որ եվրոպական ու հյուսիսատլանտյան ժողովրդավարական իսնտիտուտները փակում են աչքերը իրենց խնդիրների վրա։ «Ռուսաստանի ջավախահայությունը որոշել է խոսքից անցնել հստակ գործողությունների. նրանք պատրաստվում են կազմակերպել բողոքի ցույցեր, որոնք կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ձեռնարկվել հստակ գործողություններ Սամցխե-Ջավախք-Ծալկա շրջանում և ընդհանրապես Վրաստանում ազգային փոքրամասնությունների իրավունքների և ազատությունների ոտնահարմանը վերջ տալու ուղղությամբ։ Ռուսաստանի ջավախքահայ համայնքը կոչ է անում Վրաստանի ընդդիմադիր կուսակցություններին, Վրաստանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին, ինչպես նաև միջազգային ուժերին սատարել իրենց և միանալ բողոքի ակցիաներին», - նշված է հայտարարությունում:

No comments: