Tuesday, March 23, 2010

Ազնավուրի երգի պատճառով վիճել են թուրք աշակերտն ու ֆրանսիացի ուսուցիչը

Tert.am. 22-3-2010- Ֆրանսիայի դպրոցներից մեկում ազգությամբ թուրք աշակերտը փորձել է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ` Ստրասբուրգի Robertsau միջնակարգ դպրոցում երգեցողության դասաժամին ուսուցիչը, երգելով Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» հայտնի երգը, աշակերտներին բաժանել է երգի բառերը և Հայոց ցեղասպանության մասին պատմող մեկ էջանոց տեքստ: Ուսուցչի այս քայլի դեմ փորձել է ընդվզել դասարանի միակ ազգությամբ թուրք աշակերտը՝ 14-ամյա Էդանուր Գեդիքը: Թուրք աշակերտի` Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու փորձերին ի պատասխան` ուսուցիչն ասել է. «Այսօր Թուրքիան ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, սակայն քանի դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, չի կարող անդամակցել ԵՄ-ին»: Էդանուր Գեդիքը հակադարձել է ուսուցչի դիտարկմանը` ասելով, թե Թուրքիան Եվրամիության անդամ չի դառնում ոչ թե Հայոց ցեղասպանությունը չընդունելու, այլ մուսուլմանական երկիր լինելու պատճառով: Նման պահվածքի համար երգեցողության ուսուցիչը թուրք աշակերտին խիստ նկատողություն է արել` հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ժխտումը հանցանք է: Հիշեցնենք, որ 2009թ. Ֆրանսիական Նանսի քաղաքի քոլեջներից մեկի` ազգությամբ թուրք աշակերտ, 13-ամյա Մուստաֆա Դողանը ժխտել էր Հայոց ցեղասպանության փաստը: Ուսուցիչը հանձնարարել էր շարադրություն գրել Հայոց ցեղասպանության մասին: Թուրք աշակերտը վեճի էր բռնվել ուսուցչի հետ և շարադրության մեջ գրել. «Եթե նույնիսկ այդպես էլ եղել է, հայերը արժանի էին դրան»: Դպրոցի տնօրինությունը դեպքի առնչությամբ որոշել էր 13-ամյա Մուստաֆա Դողանին հեռացնել դպրոցից, սակայն վերջինս ներողություն էր խնդրել, և խնդիրն այդպիսով հարթվել էր:

No comments: