Tuesday, March 23, 2010

ՉԱՐՅԱՑ ՓՈՔՐԱԳՈՒՅՆԻ ՍԻՆԴՐՈՄ

«Լրագիր» 22-3-2010- Թեեւ պաշտոնապես հայտարարված չէ, բայց ակնհայտ է, որ հայ-թուրքական կարգավորման գործընթաց, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի: Դրա վառ վկայությունը Հայաստանի իշխանության հայտարարություններն են, երբ ամեն մի խոսքից հետո Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ “միջազգային հանրությունը պետք է ասի իր ծանրակշիռ խոսքը”: Ստացվում է, որ գործ ունենք ընդամենը Թուրքիա-միջազգային հանրություն հարաբերության գործընթացի հետ, որից պարզապես ակնկալում է օգուտ քաղել Հայաստանի իշխանությունը, մտածելով, որ Թուրքիայի վրա կա ճնշում, իսկ դա մեծացնում է հավանականությունը, որ այդ ճնշումից խուսափելու համար Թուրքիան կարող է Հայաստանի հանդեպ լավ քայլեր կատարել: Առայժմ իհարկե ամեն ինչ հակառակն է, ու Թուրքիան նույնիսկ սպառնում է Հայաստանին, հետո իհարկե սպառնալիքները լղոզելով` “մի վախեցեք” տարբերակով: Բայց էականն այն չէ, թե արդյոք Թուրքիայի վրա միջազգային ճնշումը բերում է Հայաստանի հանդեպ նրա դիրքորոշման փափկացմանը, թե ավելի կարծրացմանը: Էականն այն է, որ Հայաստանի իշխանության այդքան քարոզած հայ-թուրքական գործընթացը, որը իշխանական քարոզչությունը քիչ էր մնում ներկայացներ որպես հազարամյակի դիվանագիտական ամենանախաձեռնություն, իրականում գոյություն ուներ միայն քարոզչական մակարդակում, իսկ բուն, պրակտիկ քաղաքականության մակարդակում Հայաստանի իշխանության հաշվարկը հենց եղել է այն, որ ընդամենը ժամանակին կարողանան մտնել Թուրքիայի եւ միջազգային հանրության փոխհարաբերության տիրույթ, մտածելով, որ դրանից վնաս չի լինի, իսկ օգուտ հաստատ կլինի գոնե քարոզչական մակարդակով: Մինչդեռ, իրավիճակն այժմ ընդամենը հիշեցնում է դինոզավրերի դարաշրջանի մասին պատմող ֆիլմերում տարածված այն տեսարանը, երբ ֆիլմի հերոսներից որեւէ մեկը որեւէ դինոզավրի կամ համանման կենդանու երախից փրկվում է ընդամենն այն բանի շնորհիվ, որ հայտնվում է երկրորդ ահռելի կենդանին, եւ նրանք երկուսով սկսում են իրար հոշոտել, ակամայից փրկելով այդ հերոսին: Բայց դրանից հերոսի իրավիճակն ամենեւին չի փոխվում, որովհետեւ նա ընդամենը գոյություն է քարշ տալիս, ինը ոչ միայն չի բարելավում վիճակը, այլ նրան ընդամենը ողջ է պահում հաջորդ դինոզավրի ճանկի համար: Հայ ժողովրդի եւ Հայաստանի պատմությունը թերեւս հիշեցնում է հենց այդօրինակ իրավիճակի հավերժականություն, առանձին եւ կարճաժամկետ պատմական բացառություններով: Հայաստանն ու հայ ժողովուրդը գոյետեւել են, բայց դինոզավրի ճանկից այն կողմ չեն անցել: Փաստորեն նույնն է իրավիճակը նաեւ “հայ-թուրքական” գործընթացի պարագայում: Պարզապես տարբերությունը թերեւս այն է, որ այս անգամ կարծես փախչելու տեղ չի մնացել, ու մենք կանգնած ենք վերջին ճանկի առաջ: Եվ այն մտայնությունը, որ մենք կարող ենք շահել, եթե Թուրքիային նեղեն, իրականում մտաբարոյահոգեբանական մտամոլորություն է: Միջազգային հանրության եւ Թուրքիայի պայքարում ով էլ հաղթի, Հայաստանը “գավաթի” կարգավիճակից այն կողմ չի անցնելու: Կա պարզապես “չարյաց” փոքրագույնի տարբերակը, որ թուրքերը չեն հաղթի, եւ մենք չենք լինի ոտնակոխ: Բայց ինչքան կարելի է ապրել չարյաց փոքրագույնի սկզբունքի հիման վրա: Բնականաբար հարց է առաջանում, թե որն է ելքը: Օրինակ, շատ հաճախ ասվում է, որ ելքը գործընթացից անհապաղ դուրս գալն է: Բայց դա գործնականում անհնար է: Անհնար է դուրս գալ մի տեղից, որտեղ չես եղել ընդհանրապես: Հայաստանը չի կարող դուրս գալ մի գործընթացից, որի մեջ ինքը չկա: Դա չի կարող ելք լինել: Հենց այդօրինակ ելքերն են, որ առավելագույնը ապահովել են “ճանկից ճանկ Հայաստան”: Իրական ելքերը խեղդվել են հենց Հայաստանում, հենց իրենց բնում: Խոսքը հայ ժողովրդի պատմության ընթացքում ցանկացած կարգի հասարակական-քաղաքական եւ տնտեսական վերափոխումների եւ բարեփոխումների փորձերի ճակատագրի մասին է: Մինչդեռ հենց այդ վերափոխումներն եւ բարեփոխումներն են ելքը: Ցանկացած պետություն, որն այսօր հասել է հզորության այնպիսի աստիճանի, որ կարող է ազդեցիկ եւ ինքնուրույն գործոն լինել աշխարհում, ոչ թե գործիք (շատ հաճախ հանրային եւ քաղաքական ընկալման մեջ թյուրիմացաբար նույնացվում են աշխարհքաղաքականության գործոն եւ գործիք հասկացությունները), ինչ որ ժամանակին ենթարկվել է համակարգային հասարակական, տնտեսա-քաղաքական համակարգային բարեփոխումների, որոնք հանգեցրել են սոցիալ-հոգեբանական լուրջ վերափոխումների, ինչի հետեւանքով հետդարձը դարձել է անդառնալի, իսկ զարգացումն` անխուսափելի: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: