
Haynews.am.24-4-2010- Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ապրիլի 23-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովում Իտալիայի պատվիրակության ղեկավար, քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր կոմիտեի զեկուցող, Իտալիայի խորհրդարանի Արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, Ռիկարդո Մալիորիին:
Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն, որը լի է փոխադարձ համակրանքով եւ բարեկամության դրսեւորումներով, ինչը նոր զարգացում է ապրել Հայաստանի անկախացումից ի վեր:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և հանդիպման համար, պրն. Մալիորին կարևորել է ԵԱՀԿ ԽՎ շրջանակներում Իտալիայի և Հայաստանի պատվիրակությունների սերտ համագործակցությունը:
Երկուստեք դրական է գնահատվել հայ-իտալական երկկողմ հարաբերությունները, կարեւորվեց խորհրդարանների միջեւ համագործակցության առավել խորացումը:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը, անդրադարձել է արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման ջանքերին, ինչպես նաեւ ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:
Ռ.Մալիորին հայտնել է, որ համակրանքով է հետեւում հայկական կողմի ջանքերին` ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը:
Իտալացի պատգամավորը նշել է, որ Հայոց Ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայ ժողովրդին և Թուրքիային առնչվող հարց է, այլ մի հիմնախնդիր, որ հուզում է ողջ միջազգային հանրությանը եւ տեղեկացրել, որ Երևան է ժամանել Հայոց Ցեղասպանությանը 95-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով:
No comments:
Post a Comment