Wednesday, April 21, 2010

Հաագայում Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված հանրահավաք է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - 21 ապրիլի 2010 - Ապրիլի 20-ին Հաագայում Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի կապակցությամբ Նիդերլանդների խորհրդարանի դիմացի Het Plain հրապարակում Հոլանդահայ կազմակերպությունների դաշնության “Ապրիլ 24” կոմիտեն և Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, ՙՀամագործակցող հոլանդահայ կազմակերպություններ՚ անվան տակ, կազմակերպեցին հանրահավաք, որին ներկա էին հինգհարյուրից ավել ցուցարարներ: Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցան խորհրդարանի անդամներ Քեյս վան դեր Սթայը, Հարրի վան Բոմմելը, Յոել Վորդեվինդը: Նրանց ելույթի ընթացքում խորհրդարանի շենքի դուրս եկան և, հանրահավաքին միանալով, ելույթներ ունեցան պատգամավորներ Կատլեն Ֆերյերը և Հան Տեն Բրուկը: Ելույթներ ունեցան նաև Հաագայում Իսրայելի տեղեկատվության և վավերագրության կենտրոնի տնօրեն Ռոնի Նաթանիելը, հոլանդահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բոլոր ելույթներում կոչ էր արվում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը և վերջ տալ ժխտողականության քաղաքականությանը: Պատգամավորներից Յոել Վորդեվինդը, վան դեր Ստայը և Հան Տեն Բրուկը նշեցին նաև, որ իրենք աջակցում են Հաագայում Ցեղասպանության զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման հոլանդահայ համայնքների մտադրությունը: Նիդերլանդների հրեական կառույցների անունից այդ գաղափարին իր աջակցությունը հայտնեց Ռոնի Նաթանիելը: Ելույթների ավարտից հետո հանրահավաքի մասնակիցների անունից կազմակերպիչների պատվիրակությունը մտավ խորհրդարանի շենք և խնդրագիր հանձնեց Երկրորդ Պալատի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահին և անդամներին: Հանրահավաքն ավարտվեց դեպի Թուրքիայի դեսպանություն կատարված երթով, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

No comments: