Sunday, April 25, 2010

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ Ի՞ՆՉ ԱՐԵՑ, ՈՐ ՕԲԱՄԱՆ ԻՆՉ ԱՍԻ

Report.am. 24-4-2010- Հատկապես քաղաքականության մեջ երբեք չի կարելի ասել երբեք: Սերժ Սարգսյանը հենց այս տրամաբանությամբ էլ կառուցել էր իր ուղերձը, որով ողջ աշխարհին հայտարարվեց, որ ՀՀ-ն կասեցնում է հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը մինչև ավելի լավ ժամանակներ: Ամենևին չկիսելով այն կարծիքը, որ ՀՀ նախագահն իր ուղերձով շրջադարձային քայլ կատարեց հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մեջ, ասենք, որ նա այս պահին ընդամենն ընտրեց այն միակ ճանապարհը, որով ընթանալու դեպքում այլևս ոչ ոք չի կարող ասել, թե գնդակը գտնվում է Հայաստանի դաշտում: Նկատենք, որ Սերժ Սարգսյանը հստակ նշեց՝ փակվում է ֆուտբոլի էջը, բայց մեր ստորագրությունը հետ չենք վերցնի և կսպասենք: Այս բառախաղը, եթե ուշադիր կարդանք Սպիտակ տան, Սարկոզիի, ինչու չէ՝ նաև Էրդողանի արձագանքները, էական ոչինչ չի փոխել հարաբերությունների կարգավորման գործընթացում: Թվարկված կողմերը, բացառությամբ Էրդողանի, մի բան էլ ողջունել են Սերժ Սարգսյանի ուղերձը, իսկ դա նշանակում է, որ իրականում տարբերություն չկա «ֆուտբոլային դիվանագիտություն» և «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում» կոչված հասկացությունների միջև: Արձանագրությունները, որ ստորագրեցին Նալբանդյանն ու Դավութօղլուն, վերաբերում են երկու հասկացություններին էլ հավասարապես և հանդիսանում են դրանց պրոդուկտը: Հիմա, երբ Սերժ Սարգսյանն ասում է՝ փակվել է ֆուտբոլային դիվանագիտության էջը, բայց մեր ստորագրությունը հետ չենք առնում մինչև Թուրքիայում նկատվեն հարաբերությունները կարգավորելու առաջնություններ, հասկանում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, որն այնուամենայնիվ վեհապետությունների ձեռքի գործն է, դեռևս շարունակվում է: Իրավիճակը միանգամայն այլ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը հայտարարեր, որ ՀՀ ԱԺ-ում կասեցվում է արձանագրությունների վավերացման գործընթացը, և հայկական կողմն իր համար հարմար պահի կսկսի ստորագրության հետկանչի գործողությունը: Բայց, կրկնում ենք, Սերժ Սարգսյանը գտավ թե՛ իր, և թե՛ Թուրքիայի համար ամենաընդունելի շարունակությունը: Հիմա ոչ ոք Թուրքիային չի գանահարի, թե արագացրու գործընթացը, իսկ Հայաստանին չի ասի, թե խոսքիդ տերը չես: Եվ այս ամենը՝ առանց արձանագրությունների ոգուց մեկ միլիմետր շեղումի: Չնայած որ մեր նախագահը միակողմանիորեն փակեց ֆուտբոլային դիվանագիտության էջը, մի վերջին անգամ փորձենք պարզել, թե այս պահին ում դաշտում է գնդակը: Թուքիայի՞: Համոզված չենք, որովհետև Սերժ Սարգսյանն ասել է, թե Թուրքիան, խելամիտ ժամկետները սպառելուց հետո, այլևս երկար ժամանակ ունի հարաբերությունների կարգավորման առաջնություններ որոնելու: ԱՄՆ-ը և Ֆրանսիան ողջունել են մեր նախագահի մեծահոգությունը, իսկ Էրդողանն էլ, իբր շատ գոհ չէ, շտապել է հավաստիացնել կողմերին, թե ինքը հենց առաջնություններ փնտրելու գործի վրա է: Ուրեմն որտե՞ղ է գնդակը, ո՞ւմ դաշտում: Արտաշես Գեղամյանը սիրում է հայ-թուրքական այս պրոցեսը համեմատել շախմատային մեծ պարտիայի հետ: Լիքը հոդվածներ է գրել այդ մասին: Իսկ հիմա ինչո՞ւ չի ասում, թե տեսա՞ք, ես ճիշտ էի, և պարտիան շարունակվում է: Դեռ չի հասցրել ասի, բայց հավանաբար չի էլ ասի, որովհետև տեսնում ենք, որ բոլոր խաղացողները հայտնվել են խաղատախտակի մի կողմում, իսկ այդպես շախմատ չեն խաղում: Ֆուտբոլն էլ այդպես չեն խաղում: Խաղադաշտում բոլորը նույն թիմից չեն կարող լինել: Եվ այնուամենայնիվ, ո՞ւմ դաշտում է գնդակը՝ Հայաստանի՞, թե Թուրքիայի: Կարծում եմ կարիք չկա այն որոնելու, որովհետև գնդակն այս պահին ընդհանրապես դաշտում չէ: Խաղը կվերսկսվի, եթե այն դարձյալ նետեն խաղադաշտ: Իսկ թե ովքեր են գնդակը վերստին խաղադաշտ նետելու, կարծում ենք՝ պարզ է: Որքան էլ տարօրինակ հնչի, բայց պետք է ասենք, որ թե՛ արձանագրությունների ստորագրման, և թե՛ դրանց վավերացումը կասեցնելու պահին ամենաերջանիկը կոալիցիայի կուսակցություններն են: Նրանց առանձին ներկայացուցիչներ այնպես են հրճվել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու ՀՀ նախագահի որոշումից, ասես իրենք չէին պայքարում, որ այդ արձանագրությունները ստորագրվեն և վավերացվեն: Որպեսզի պատկերն ավելի ամբողջական լինի, ստորև կներկայացնենք այս հարցի և ՀՀ նախագահի ուղերձի հետ կապված քաղաքական մեծամասնությանը մաս կազմող պատգամավորներից մի քանիսի կարծիքները: «Իսկ արձանագրությունները վավերացնելու գործընթացը կասեցնելու որոշումը նշանակում է, որ եթե Թուրքիան ծանրակշիռ քայլ կատարի ու կարողանա ապացուցել, որ կարող է վստահելի գործընկեր լինել ու կատարել ստանձնած պատասխանատվությունը, ապա մենք կարող ենք շարունակել արձանագրություններում նախանշած քայլերը». Էդուարդ Շարմազանով: «Սերժ Սարգսյանը ուղերձով ևս դրսևորեց քաղաքական գործչին անհրաժեշտ վճռականություն և հստակ հայտարարեց, որ Թուրքիան սպառել է բոլոր ողջամիտ ժամկետները ու պարտավոր է պատասխան տալ ստորագրված արձանագրությունները վավերացնելու, հայ-թուրքական հարաբերությունները բնականոնացնելու գործընթացները փակուղի մտցնելու համար». Նաիրա Զոհրաբյան: «Երբ ակնհայտ դարձավ, որ Թուրքիան պարզապես ժամանակ է ձգում ու մեկնարկած բանակցությունների հանգամանքը փորձում է ծառայեցնել իր նկրտումները իրականացնելու գործին, հայտարարությամբ հանդես եկավ նաև քաղաքական կոալիցիան և արձանագրությունների վավերացման ընթացքը կասեցնելու առաջարկ արեց: Մեր այս քայլով շեշտվում էր, որ հայ-թուրքական բանակցությունները կարող են վերսկսվել միայն այն դեպքում, եթե Թուրքիան կատարի ծանրակշիռ քայլեր և վստահություն առաջացնի իր նկատմամբ: Այս տրամաբանությամբ է, որ Հայաստանը իր ստորագրությունը հետ չի կանչել, ինչպես իր ուղերձում շեշտեց մեր երկրի նախագահը, այլ կասեցրել է արձանագրությունները վավերացնելու գործընթացը և բանակցային այս փուլը Թուրքիայի հետ ավարտված է համարում». Արծրունի Աղաջանյան: Էդուարդ Շարմազանովը հավանաբար ցանկացել է ասել, որ արձանագրությունների տակից ստորագրությունը հետ չվերցնելը նշանակում է որ… և հետո՝ ինչպես տեքստում: Բայց ինչպես էլ կարդանք նրա ասածները, միևնույն է, պարզվում է, որ մենք էական ոչինչ չենք փոխել գործընթացի մեջ, և եթե մի գեղեցիկ օր Թուրքիան առանց վերապահումների (իսկ նրան նոր վերապահումներ պետք չեն) վավերացնի այս արձանագրությունները, ապա կոալիցիան հաջորդ վայրկյանին արտահերթ նիստ կգումարի և, չեղյալ համարելով իր ներկա որոշումը, կվավերացնի արձանագրությունները: Եթե սա է ուղերձի բուն բովանդակությունը, ապա պարոն Շարմազանովը ուզած-չուզած պետք է համաձայնի վերևում նշված մեր այն տեսակետին, որ Սերժ Սարգսյանն իրականում ցնցող քայլ չի կատարել հայ-թուրքական հարաբերությունների այս գործընթացը որակական փոփոխության ենթարկելու առումով: Արծրունի Աղաջանյանը փորձել է մնալ ՀՀ նախագահի կողմից Հայ-թուրքական գործընթացը ինչ-որ փուլերի բաժանելու տեսակետի շրջանակներում, բայց չի հանդգնել արտասանել «ֆուտբոլային դիվանագիտություն» արտահայտությունը, այլ ասել է՝ բանակցային այս փուլը: Պարոն Աղաջանյանը, չենք կասկածում, լավ էլ հասկանում է, որ արձանագրությունների ստորագրումից հետո մեզ համար ավարտվել են բոլոր փուլերը: Իսկ եթե, այնուամենայնիվ, նա այդպես չի մտածում և կարծում է, թե ՀՀ խորհրդարանում իր կոճակ սեղմելով է որոշվելու, թե ինչ նոր փուլ է փակվելու և բացվելու այս գործընթացում, ապա չարաչար սխալվում է: Եվ որպեսզի չսխալվի, ապա պետք է իրար մոտ բերի նախագահի ուղերձն ու քաղաքակամ մեծամասնության հայտարարությունը և մեկ անգամ ևս ուշադիր ընթերցի դրանք: Այդ դեպքում նա չի ասի «մեր այս քայլով», այլ կասի՝ «ՀՀ նախագահի հրահանգով կատարած մեր այս քայլով»: Մեր խորհրդարանի քաղաքական մեծամասնության պարագայում այդպես ավելի բարեհունչ է: Նաիրա Զոհրաբյանի տեսակետը, եթե անկեղծ լինենք, ժպիտ է առաջացնում ընդամենը: Պատգամավորուհին մինչև օրս դեռ այն կարծիքին է, որ Թուրքիան է փակուղի մտցրել գործընթացը: Հավանաբար նա նույնպես նկատի ունի Սերժ Սարգսյանի և իր կոալիցիոն գործընկերների համոզումը, թե Էրդողանի և Դավութօղլուի վերջին հայտարարությունները նպաստեցին, որ հայկական կողմը կասեցնի արձանագրությունների վավերացման գործընթացը: Մի հարց տանք տիկին Զոհրաբյանին՝ Էրդողանը կամ Դավութօղլուն ապուշի տե՞սք ունեն, թե՞ նրանց միջազգային հարաբերությունների փորձն է պակասում: Մի՞թե դժվար է հասկանալ, որ այդ մարդիկ իրենց ելույթներում, սկսած արձանագրությունների դեռևս նախաստորագրված տարբերակների հրապարակումից, նույն բանն են ասում՝ Թուրքիան Ադրբեջանին մենակ չի թողնի, ցեղասպանության հարցը պետք է գիտնականներն ուսումնասիրեն և վերջապես՝ հայերը մեզնից հողային պահանջներ այլևս չեն ունենա: Մի՞թե այն, ինչ նրանք ասում են, գրված չէ արձանագրություններում, մի՞թե մեր փառապանծ քաղաքական մեծամասնությանն այս մասին չի նախազգուշացվել, մի՞թե բարեկամները քիչ են հորդորել նախագահին, որ չի կարելի ստորագրել նման մի փաստաթուղթ, մի՞թե չեն ասել, որ ստորագրումը նշանակում է այս գործընթացի ավարտը: Մեջբերված խոսքից առաջ Նաիրա Զոհրաբյանը նաև ասել է, թե նախագահի այս վերջին ուղերձի տակ կստորագրեր ամեն մի հայ: Այո, կստորագրեր, բայց գիտե՞ք ինչու: Որովհետև այնտեղ հստակ խոսք կա Հայոց ցեղասպանության խնդրից չհրաժարվելու, այն քննարկման նյութ չդարձնելու և, վերջապես, Ցեղասպանության ճանաչման գործընթացին պետականորեն նպաստելու մասին: Իսկ ուղերձի մնացած մասը, որ վերաբերում է հայ-թուրքական գործընթացի տրամաբանությանը, մեկ անգամ ևս վկայում է, որ մենք շարունակելու ենք սպասել, մինչև գնդակը կնետեն խաղադաշտ: Այս դադարը, մեր կարծիքով, երկար չի կարող տևել: Վաղը Ապրիլի 24-ն է: ՀՀ նախագահը քաղաքական կոալիցիայի հետ ծաղիկներ կդնի Ծիծեռնակաբերդի խոնարհված սյուների մոտ և անմար կրակի առաջ լուռ կհարգի Ցեղասպանության զոհերի հիշատակը: Սա մեր ցավն է: Իսկ ի՞նչ անուն կտա դրան իր ուղերձում Օբաման: Ցեղասպանությո՞ւն կասի, թե՞ ավելի սարսափելի, բայց միջազգային հանրության գլխում և միջազգային օրենսգրքերում չտեղավորվող այլ բառ: Գուշակման հավանականությունը 1-ը 100-ի է հօգուտ Օբամայի, իսկ ահա, որպեսզի այսօր մենք կարողանայինք օգնել նրան ստանձնելու և պատվով կրելու Ցեղասպանություն տերմինն օգտագործելու պատասխանատվությունը, հավանաբար, ոչ թե չտեսնելու պետք է տայինք նախապայմանները, այլ ամեն ինչ պետք է անեինք, որ արձանագրություններում թուրքական նախապայմանների համար տեղ չմնար: ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

No comments: