Thursday, April 22, 2010

«ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԷՐԴՈՂԱՆԻՆ, ԷՐԴՈՂԱՆՆ ԷԼ ՎԱՇԻՆԳՏՈՆԻՆ ՉՍԻՐԵՑ»

Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ նրա հանդիպման գնահատականները միանշանակ չեն «ԱԶԳ» , 22-04-2010 - Ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում հրավիրված Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել էր Հայաստանի եւ ԱՄՆ-ի նախագահների հետ: Նրա հանդիպումներն, ինչ խոսք, հայտնվեցին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում: Եվ երկու դեպքում էլ բնութագրվեցին իբրեւ պատմական այն առումով, որ դրանք Էրդողանին հնարավորություն են տվել Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման, հայ-թուրքական արձանագրությունների վավերացման, Լեռնային Ղարաբաղում առաջընթացի ապահովման, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունված Հայոց ցեղասպանության օրինագծի հարցերում հայկական եւ ամերիկյան կողմերին ներկայացնելու Թուրքիայի տեսակետները: Էրդողանի վաշինգտոնյան այցը համարվեց հաջողված, իսկ Սերժ Սարգսյանի եւ Բարաք Օբամայի հետ հանդիպումներըՙ նշված հարցերում Թուրքիայի տեսակետները հասցեատերերին անմիջականորեն հասցնելու առնչությամբ, դիվանագիտական հաղթանակ: Առհասարակ, երբ երկու երկրների ղեկավարները հանդիպում են, եւ հանդիպմանը հաջորդող օրերին չեն ամփոփվում դրա արդյունքները, կնշանակիՙ հանդիպումը որեւէ լուրջ արդյունքի չի հանգեցրել, դրա մասին գնահատականները հաջողվածության կամ հաղթանակի պատրանք ստեղծելու անհիմն լավատեսություն են: Վարչապետ Էրդողանի վաշինգտոնյան հանդիպումներին թուրքական մամուլի տրված գնահատականները ոչ միայն հիմք չեն ունեցել, այլեւ եղել են կատարյալ թյուրիմացության արդյունք: Դրանում համոզվելու համար կարելի է անդրադառնալ Սավաշ Սյուզալի «Վաշինգտոնըՙ Էրդողանին, Էրդողանն էլ Վաշինգտոնին չսիրեց» վերնագրով ապրիլի 20-ին turkishforum կայքէջում հրապարակած հոդվածին: Ահա թե ինչ է գրում հեղինակը. «Ավարտվեց վարչապետ Էրդողանի եւս մեկ այցելությունը Ամերիկա: Ավարտվելըՙ ոչինչ: Բայց դուք որեւէ բան հասկացա՞ք հայտարարություններից ու լուսաբանումներից, թե իրականում ի՞նչ տեղի ունեցավ: Չեք հասկացել, որովհետեւ Թուրքիայում լրատվությունն արդեն տարածվում է այնպես, ինչպես ամբողջատիրական երկրներում: Ես դա Վաշինգտոնում պարզորոշ նկատեցի: Սակայն ի՞նչ ասել մեր մամուլին, որը հանդիպման տեւողությունը չափում է ընդգրկված ժամանակով, առանց հաշվի առնելու, որ թարգմանիչի միջոցով շփվելու դեպքում դա կրկնակի երկարաձգվում է: Ի՞նչ խայտառակություն: Որքան էլ զարմանալի թվա, Էրդողանն այս անգամ լրագրողներին հայտարարություն չարեց: Նրա փոխարեն խոսնակը, իր մոտ կանչելով «Անադոլու» գործակալության թղթակցին, թելադրեց այն, ինչ ուզում էր, որ լրագրողները գրեին: Այնուհետեւ լրագրողներին բաժանեց թղթակցի գրառած տեքստը, որպեսզի վարչապետը հարցերին պատասխանելու հարկադրանքի տակ չհայտնվի ծանր դրության մեջ: Ինչ վերաբերում է վարչապետի վաշինգտոնյան երկօրյա շփումներին, ապա Էրդողանը ԱՄՆ-ի մայրաքաղաք հասավ կիրակի գիշերը, իսկ երկուշաբթի առավոտյան պատվերով ելույթ ունեցավ Ջորջ Մեսոն համալսարանի չորս միլիոն դոլար հանգանակությամբ հիմնադրված բաժիններից մեկում (խոսքը Ալի Վուրալ Աքի անվան գլոբալ իսլամական հետազոտությունների կենտրոնի մասին է): Դահլիճի կեսը թուրքեր էին, մնացածըՙ արաբներ եւ 5-10ՙ ամերիկացի: Ինչպես միշտ, նա նորից ալեկոծվեց, փրփրեց, սակայն համոզված եղեք, դա Վաշինգտոնում նրա վերջին փրփրելն էր: Իրականում երկուշաբթի առավոտյան վարչապետի այցն արդեն տարօրինակ բնույթ էր ստացել: Էրդողանը նախ հանդիպեց Հայաստանի նախագահ Սարգսյանին, սակայն երկուսն էլ նույնիսկ իրար երես չնայեցին: Սառը ձեռքսեղմում եւ հանդիպման ավարտ առանց վարչապետի հայտարարության: Հանդիպումից հետո Սարգսյանն այնպիսի բաներ արեց ու ասաց, որ չիմացողը կկարծի, թե Հայաստանն է Թուրքիայի առջեւ սահմանը բացում: Սկզբում նա ծաղկեպսակ դրեց ԱՄՆ նախագահներից Վիլսոնի դամբարանին, այնուհետեւ ամերիկահայերի առջեւ ունեցած ելույթով վիրավորեց մեզ, թե «ստիպված էինք բանակցությունների սեղանին նստել մեր պապերին սպանողների հետ» կամ «որեւէ նախապայման չենք ընդունի եւ չենք հրաժարվի Ցեղասպանության պնդումներից»: Ամերիկյան կողմը Սարգսյանին համահունչ արտահայտվեց, պահանջեց, որ մենք նախապայման չառաջադրենք, եւ մինչեւ ապրիլի 24-ը սկսենք արձանագրությունների վավերացման գործընթացը: Իրականում վաշինգտոնյան հանդիպումների գլխավոր թեման Իրանն էր, հայերի եւ Ցեղասպանության խնդիրներն ընդամենը մեզ էին հետաքրքրում: Արդեն Օբամայի եւ Հիլարի Քլինթոնի հետ հանդիպումներն էլ Իրանի հարցն է քննարկվել: Որքան լսել ենք, այս հանդիպումներում էլ մերոնք որեւէ կերպ չեն առարկել: Ընդհակառակը, վարչապետն ու նրա թիմը ամերիկացիներին են հայտնել Իրանի մասին իրենց բոլոր իմացածը: Մեկ էլ մեր ուշադրությունը գրավեց այն, որ Վաշինգտոնում Էրդողանը չհիշատակեց Իսրայելի մասին, կարծես ոմանք ականջները քաշած լինեին: Բացի դրանից, գագաթաժողովում ցեղապետի նման` կնոջ, աղջիկների, տղաների, թոռան, ծոռան եւ ողջ գերդաստանի հետ ներկայացող միակ առաջնորդը մերն էր: Նույնիսկ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին, որ չի բաժանվում կնոջից, մենակ էր եկել: Տեղի ունեցան նաեւ շատ տարօրինակ բաներ: Օրինակ, մեր պատվիրակության համար 40 ավտոմեքենա էին վարձելՙ դիմացը վճարելով 200 հազար դոլար: Սակայն ինձ առավել վշտացրեց մամուլի վիճակը: Հանդիպումները գնահատելիս թերթերը ելակետ ընդունեցին տեւողությունը, առանց բովանդակության մասին որեւէ բան իմանալու: Թուրքիայում մամուլը օգտագործում է պետության վերահսկողության տակ գտնվող «Անադոլու» գործակալության հաղորդագրությունները կամ էլ առանց ուսումնասիրելու բացականչություններ է անում: Ըստ երեւույթին վարչապետը կարեւորություն չի տալիս նաեւ իր խոսափողներին: Երբ Թուրքիա վերադարձին Ստամբուլում ելույթ ունեցավ, շատ մռայլ էր: Ես ձեզ չէի՞ ասել, որ Վաշինգտոնը աչքաթող է արել Էրդողանին: Հիմա հասկացա՞ք իրավիճակը»: Թերեւս կարելի էր չանդրադառնալ Սյուզալի հոդվածին, եթե հայաստանյան որոշ քաղաքական գործիչներ կամ քաղաքագետներ ՀՀ նախագահի վաշինգտոնյան հանդիպումների ավարտին առանց հիմնավորելու հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու պահանջով նրան չդիմեին եւ չունենալով որեւէ պատկերացում հաջորդ քայլի մասին, չառաջարկեին որ նա պահանջատիրության հարց բարձրացնի: Ավելին, այս պահանջն ու առաջարկը երբեմն զուգորդվում են Կարսի պայմանագիրը վերանայելու եւ այդ պայմանագրի հիման վրա Թուրքիայի հետ հաստատված առկա սահմանը չճանաչելու հորդորներով: Վիլսոնի իրավարար որոշումը չի կարող սահմանի ճանաչումից հրաժարվելու եւ պայմանագիրը վերանայելու հակակշիռը լինել, ոչ էլ կդառնա անհաշվենկատ քայլերի հնարավոր հետեւանքներից խուսափելու երաշխիքը: Կարսի պայմանագիրը վերանայելու, սահմանները չճանաչելու, առավել եւս պաշտոնապես պահանջատիրությամբ հանդես գալու դեպքում պարտադիր պետք է հաջորդ քայլը կատարել: Այլապես պահանջատիրության բոլոր դրսեւորումները կվերածվեն բլեֆի, պահանջատիրությունը, դրա հետ նաեւ Հայոց ցեղասպանությունն անտեղի կչարչրկվեն եւ աշխարհում կոտնահարվի Հայաստանի ազգային արժանապատվությունը: Պահանջատիրությունը միաժամանակ Հայոց ցեղասպանության բանաձեւերը օրակարգ չմտցնելու առումով խորհրդարանների վրա գործադրվող ճնշումները հիմնավորելու առիթ կտա այն երկրների վարչակարգերին, որոնք դեռեւս ճանաչման որոշում չեն ընդունել: Այսպիսով կկասեցվի ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Ինչ վերաբերում է արձանագրություններից ստորագրությունը հետ կանչելու պահանջներին, ապա դրանով Թուրքիան առանց արձանագրությունները վավերացնելու կձերբազատվի Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի ձախողման պատասխանատվությունից, բարդելով դա հայկական կողմի վրա: Հայաստանը կդառնա հարձակումների թիրախ այն միջազգային ուժերի համար, որոնք նախաձեռնել են Թուրքիայի հետ նորմալացման գործընթացը: Դա կդիտվի նախաձեռնող միջազգային ուժերի անտեսման դրսեւորում, ինչը չի կարող չանդրադառնալ միջազգային ասպարեզում Հայաստանի ընկալման վրա: Բացասական ընկալումը հազիվ թե հանգեցնի Ցեղասպանության ճանաչման հարցում Հայաստանի ընդառաջմանը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: