Thursday, May 27, 2010

«ԼՂ ՀԱՐՑՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼ ԱՆԳԱՄ ՉԱՐԺԵ»

Իսկ ԼՂՀ չճանաչվածությունը զուտ ժամանակի խնդիր է «ԱԶԳ», 27-05-2010- Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այցով գտնվող Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր ղազախ գործընկերոջ` Նուրսուլթան Նազարբաեւի հետ համատեղ ասուլիսի ընթացքում եւս մեկ անգամ անդրադարձել է կովկասյան խնդիրներին` մասնավորապես ղարաբաղյան հակամարտությանը: Գյուլը նշել է, որ ներկայիս ստատուս քվոյի պահպանումը «կողմերից ոչ մեկին օգուտ չի բերի», սակայն ընգծել է նաեւ. «Իմ` Հայաստան կատարած այցը ինչ-որ չափով խախտեց այդ ստատուս քվոն: Այժմ էլ հարկավոր է ծավալել ողջամիտ եւ վճռական գործողություններ, որովհետեւ եթե առաջիկա երկու տարում ոչինչ չփոխվի, չի փոխվի նաեւ հաջորդ տասը տարիների ընթացքում: Ամեն ինչ կմնա ինչպես կա, ինչն իր հերթին կողմերից ոչ մեկին չի կարող օգուտ բերել»: Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը փաստում է միայն, որ Անկարան համառորեն իրեն համարում է հակամարտության լուծման գործընթացում ներկայացված, այնինչ տարբեր կողմերից բազմիցս է լսել, որ Մինսկի խմբի դռներն իր համար փակ են: Իսկ որ Թուրքիային ղարաբաղյան հակամարտության լուծմանը «չի կարելի մասնակցել», պնդում է նաեւ Մինսկի խմբի ռուսաստանցի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: Վերջինս մասնավորապես նշել է, որ ժամանակին Թուրքիան ինքն է հրաժարվել մասնակցել գործընթացին. «Թուրքիայի մասնակցության մասին խոսել անգամ չարժե, որովհետեւ երբ մենք դեռ բանակցությունների առաջին տարիներին հանդիպում էինք Հռոմում, մենք չէինք կարողանում առաջ չարժվել, քանի որ սուր բանավեճեր էին ծավալվում ադրբեջանցիների եւ հայերի միջեւ: Այնուհետեւ մենք որոշեցինք, որ կհանդիպեն միայն չեզոք երկրները` առանց կողմերի մասնակցության: Եվ Թուրքիան առաջինը հրաժարվեց մասնակցել այդ հանդիպումներին: Նրանք չէին ուզում, որ իրենց ընդունեն որպես չեզոք կողմ, նրանք պարզ ցուցադրում էին, որ աջակցում են հակամարտող կողմերից մեկին: Հետո հավանաբար «ինչ-որ մեկը» Թուրքիայի «ականջները ոլորեց», եւ հաջորդ հանդիպումից սկսած` նրանք արդեն մասնակցում էին տասնյակի կազմում հանդիպումներին, սակայն փաստն այն է, որ այն ժամանակ Թուրքիան ինքը հեռացավ տասնյակի շրջանակներում անցկացվող հանդիպումներից»: Կազիմիրովը խոսել է նաեւ ԼՂՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններից` ասելով, որ դրանք «դրական երեւույթ են, որով Ղարաբաղի իշխանությունները ընդգծում են ժողովրդավարության կարեւորությունը»: «Ես հռետորական հարց կտայիՙ իսկ ի՞նչ է, ավելի լավ կլիներ, որ այնտեղ ռազմական դիկտատուրա՞ լիներ: Գուցե դա՞ ձեռնտու կլիներ միջազգային հանրությանն ու համանախագահներին, իհարկեՙ ոչ: Ես կարծում եմ, որ չի կարելի մի երկրում սերել ժողովրդավարություն, իսկ այստեղ` լրիվ այլ բան: Այո, կան իրավական բնույթի հարցեր, կա ԼՂ չճանաչվածություն, սակայն այդ խնդիրները ժամանակավոր են, իսկ կասկածի տակ դնել հենց ժողովրդավարացման գործընթացի փաստը` պարզապես իմաստ չունի», նշել է Վլադիմիր Կազիմիրովը: Հ. ԱՖՅԱՆ

No comments: