Thursday, May 27, 2010

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՆՈՐՄԱԼԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ Է ԵԼՄԱՆ ԿԵՏ

Հակառակ նախագահ Օբամայի խոստումնալից ելույթներինՙ տարածաշրջանում եւս չի արձանագրվում դրական որեւէ տեղաշարժ «ԱԶԳ», 27-05-2010- 2008-ի սեպտեմբերի 6-ին, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Երեւան այցելեց Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, նրաՙ իբրեւ պատմական բնութագրվող այցը լավատեսական տրամադրություններ էր ներշնչում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շահագրգիռ միջազգային ուժերին, թե կարգավորումը հունի մեջ է մտել: 2009-ին պատասխան այցով Բուրսա ուղեւորվեց ՀՀ նախագահ Սարգսյանը, որտեղ նրան շատ ջերմ եւ ընդգծված քաղաքավարությամբ ընդունեց նախագահ Գյուլը: Նույն թվի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում Շվեյցարիայի միջնորդությամբ ու ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների ներկայությամբ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ ստորագրեց երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման հայ-թուրքական արձանագրությունները: Արձանագրությունների ստորագրումը նշանակում էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների նորմալացման գործընթացի պաշտոնապես սկզբնավորում, ուստի եւ հուսադրող համարվեց: Թվում էր, թե աստիճանաբար կհաղթահարվեն գործընթացի առջեւ ծառացած բոլոր խոչընդոտները: Սակայն արձանագրությունները Թուրքիայի ազգային մեծ ժողովում վավերացնելու համար Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերում հայկական կողմին առաջադրվող թուրքական նախապայմանները գերազանցեցին բոլոր ենթադրությունները: Գործընթացը վերադարձավ ելման կետ: Արձանագրությունների ստորագրումը այլ շոշափելի արդյունք չի տվել: Դա պարզապես պատճառ է դարձել, որ նորմալացման գործընթացն անընդմեջ զբաղեցնի պաշտոնական Երեւանի քաղաքական օրակարգը, իսկ արձանագրություններըՙ ավելորդ կրքեր բորբոքեն հայկական սփյուռքում: Ինչպես երեւում է, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իսլամամետ «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության կառավարությունը չի կարողանում հաղթահարել հայատյացության դրսեւորումներն ու Հայաստանի նկատմամբ թուրքական պետության դեռեւս 1991-ին որդեգրած հակահայկական քաղաքականությամբ նախապաշարմունքները կամ էլ Թուրքիայում դեռեւս կառավարությունը ենթարկվում է «խորքային պետության» կամքին, իսկ բանակը շարունակում է վերահսկել օրենսդիր եւ գործադիր իշխանությունների գործունեությունը, որքան էլ երկրում բացահայտված լինի «Էրգենեքոնի» գործն ու ահաբեկչական այս կառույցի անդամները կանգնեն դատաստանի առջեւ: Այլ կերպՙ հայ-թուրքական հարաբերություններում իրերի դրությունը չի փոխվել: Չնայած 2009-ի հունվարի 10-ի պաշտոնակալման արարողությանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի տպավորիչ ելույթին, ապա նաեւ իսլամական աշխարհին նրա Կահիրեից հղած հուսադրող ուղերձին, իրերի դրությունը չի փոխվում նաեւ հակամարտություններով թերեւս աշխարհի ամենաբարդ տարածաշրջան Մերձավոր եւ Միջին Արեւելքում: Հակառակ նախագահ Օբամայի տպավորիչ ելույթին եւ հուսադրող ուղերձին, առ այսօր ապագային միտված որեւէ դրական տեղաշարժ չի արձանագրվել տարածաշրջանում: Իրաքում պահպանվում է անորոշությունը, լարվածությունը մշտական գործոն է դարձել համակենտրոնացման ճամբարի վերածված Պաղեստինի Գազա հատվածում: Իսրայելի հակապաղեստինյան գործողությունների հետեւանքով կաթվածահար վիճակում է հայտնվել Այսրհորդանանը: Ոչ մի կերպ չի կայունանում Լիբանանը, ընդհակառակը, իրավիճակն այնտեղ հետզհետե պայթյունավտանգ է դառնում եւ դա պայմանավորվում է երկրում լայն ժողովրդականություն վայելող «Հզբոլլահի» չեզոքացման ԱՄՆ-ի, Եվրոմիության եւ Իսրայելի նկրտումներով: Հատկանշական է, որ Գազայում էլ այս երկրները խնդրահարույց են համարում Իսլամական դիմադրության շարժմանըՙ «Համասին», որն, ի դեպ, իշխանության է եկել խորհրդարանական ընտրություններով, ընդ որում, ոչ թե Գազայում, այլՙ Պաղեստինի ինքնավարության ողջ տարածքում: «Համասին» մեկուսացնելու Արեւմուտքի նկրտումները հանգեցրել են ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի եւ նրա վարչակազմի հետ այդ կազմակերպության հարաբերությունների սրմանը: Սուր հակասությունների պայմաններում Գազան մեկուսացվել է Այսրհորդանանից, իսկ Պաղեստինի ինքնավարությունն ակամա հակադրվել է Եգիպտոսին: Ստեղծված իրավիճակում միանգամայն տրամաբանական է, որ պահպանվի միջինարեւելյան խաղաղ կարգավորման գործընթացի սառեցումը եւ անհավանական դառնա արաբա-իսրայելական բանակցությունների վերսկսումը մոտ ապագայում: Թեեւ համեմատաբար բարելավվել է Դամասկոսի նկատմամբ ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի դիրքորոշումը, բայց եւ այնպես Սիրիա-Իսրայել առճակատումը շարունակվում է: Ոչ մի արդյունք չեն տվել այս երկրներիՙ Թուրքիայով միջնորդավորված բանակցությունները: Որեւէ հիմք չկա նաեւ ենթադրելու, որ կտա Ռուսաստանի միջնորդությունը, եթե իսրայելական կողմը համաձայնի դրան: Նախագահ Օբաման, ի տարբերություն Բուշի, Իրանի միջուկային ծրագրի հարցում թեեւ նախապատվություն չի տալիս ռազմական ներխուժման տարբերակին, այլ հետամուտ է լինում հորդորելու քաղաքականությանը, այսինքնՙ փորձում է քաղաքական առաջադրանքը կատարել դիվանագիտական ճնշումներով, սակայն առաջվա պես ԱՄՆ-ն շարունակում է Իրանին տեսնել միջազգայնորեն մեկուսացված, ներքաղաքականապես անկայուն եւ տարածաշրջանի երկրների աջակցությունից զուրկ: Հետեւաբար, Իրանի պարագայում ռազմական ներխուժման տարբերակի փոխարեն նախապատվությունը հորդորելու տարբերակին տալը չպետք է դիտարկվի տարածաշրջանում լարվածության թուլացման ամերիկյան դրսեւորում: Ապարդյուն պատերազմների հետեւանքով Աֆղանստանում եւ Իրաքում տնտեսական, քաղաքական եւ ռազմական առումներով կատարելապես հյուծված ԱՄՆ-ն տարածաշրջանում նոր պատերազմ սանձազերծելու հնարավորություն չունի, իսկ որ հակառակ դրան, մեծ է Իրանի պաշտպանողական ներուժը, ակնհայտ է: Էլ չենք խոսում Վրաստանում, Ուկրաինայում եւ Ղրղզստանում «գունավոր հեղափոխությունների» տված ճեղքվածքի, Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում ամերիկյան դիրքերի թուլացման, ինչպես նաեւ ռուսական գերազդեցության տարածքներում Ռուսաստանի աննախադեպ ակտիվացման մասին: Թերեւս տարածաշրջանի համար կարելի էր դրական տեղաշարժ համարել Սիրիայի եւ Իրանի հետ Թուրքիայի մերձեցումը, եթե, իհարկե, դա, անկախ Վաշինգտոնի հակազդեցությունից, փոխհամաձայնեցված չէ հենց ԱՄՆ-ի հետ: Կողմերի փոխհամաձայնության դեպքում այդ մերձեցումն ակնհայտորեն միտված պետք է լինի տարածաշրջանում Իրանի հարաճուն ազդեցությունը հակակշռելու ամերիկյան առաջադրանքի կատարմանը, իսկ մերձեցման առնչությամբ առաջացող թուրք-ամերիկյան տարաձայնությունները պայմանավորվեն Թուրքիայի հեղինակությունը բարձրացնելու նկատառումներով: Կասկածից վեր է, որ տարածաշրջանում հակաամերիկյան տրամադրությունների ծավալման պայմաններում Թուրքիայի հեղինակության բարձրացումն ինքնըստինքյան պայմանավորվում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի հետ նրա տարաձայնություններով: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: