Saturday, June 5, 2010

ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳ

«Լրագիր» 5-6-2010- Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Լեոնիդ Ռեշետնիկովն այսօր լրագրողներին հայտարարել է, թե ռուս-թուրքական տնտեսական ու քաղաքական համագործակցության զարգացումը չի կարող լինել դաշնակիցների շահերի հաշվին: Նա ասել է, թե Կովկասում Ռուսաստանը մեկ դաշնակից ունի` Հայաստանը: Նրա խոսքով, Թուրքիան հարմար գործընկեր է, եւ Ռուսաստանին ձեռնտու է զարգացնել ու խորացնել հարաբերությունն այդ երկրի հետ: Նա ասել է նաեւ, որ թուրքական ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններում երբեք չի դնում Հայաստանի հարցը: Հայաստանը Ռուսաստանի կարեւոր դաշնակիցն է ոչ միայն Հարավային Կովկասում, այլեւ ողջ տարածաշրջանում, պայթյունավտանգ ու խնդրահարույց տարածաշրջանում: Հենց այս տարածաշրջանից է հնարավոր ռազմական հակամարտության իրական վտանգը, որ կարող է տարածվել ողջ աշխարհում, ասել է նա: Ռեշետնիկովի այս խոսքը հետաքրքիր է քաղաքական-տեղեկատվական այն ֆոնին, ըստ որի ռուս-թուրքական հերթական սիրախաղը տեղի է ունենալու հայերի հաշվին, ինչը զուրկ չէ տրամաբանությունից եւ պատմական “փորձից”: Մամուլում տեղեկություններ են հրապարակվում, ըստ որոնց, Թուրքիայի հետ հարաբերությունների համատեքստում Ռուսաստանը Հայաստանին ստիպում է հանձնել Ղարաբաղի տարածքները, որտեղ պետք է մտնի ռուսական զորք: Հայերը նաեւ լավ են հիշում պատմությունից, թե ինչ է կատարվել հայաբնակ այն տարածքներում, որտեղ կանգնած է եղել ռուսական զորքը` Արեւմտյան Հայաստան, Ղարաբաղ: Այս տեսանկյունից, հատկանշական էր Բրյուսել կատարած բավական հետաքրքիր այցից հետո Սերժ Սարգսյանի այցը Դոնի Ռոստով: Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ին առաջարկել էր դիտարկել խաղաղարար զորքի տեղակայման խնդիրը հակամարտության գոտում, ինչը նշանակում էր, որ Հայաստանն իրական վտանգ է զգում իր “ռազմավարական դաշնակցից”: Իսկ Դոնի Ռոստովում Սերժ Սարգսյանին ցուցաբերած բավական սառը ընդունելությունը վկայում է, որ Սարգսյանի ու Մեդվեդեւի զրույցը եղել է բավական կոշտ, եւ հայկական կողմը թերեւս անհամաձայնություն է հայտնել կարգավորման ռուսական տարբերակին: Դա զգացվեց ռուս պաշտոնյաների հայտարարություններից ու Սերժ Սարգսյանի` Ռոստովի հայ համայնքի հետ հանդիպմանն ունեցած ելույթից: Ըստ հրապարակումների, օգոստոսին նախատեսվում է Մեդվեդեւի այցը Հայաստան, իբր Ղարաբաղի խնդրի վերջնական լուծման համաձայնության հասնելու: Թերեւս, Հայաստանը պետք է պահի իր կոշտ դիրքորոշումը եւ փորձի օգտագործել մեր տարածաշրջանում բավական բարդ իրավիճակի հետեւանքով ի հայտ եկած միջազգային քաղաքականության նոր էլեմենտները: Թերեւս, Հայաստանի կոշտ դիրքորոշումն ու տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակն են ստիպում Ռուսաստանին հանգստացնել հայերին, ինչի օրինակն է Ռեշետնիկովի ելույթը: Սակայն ժամանակներն այլ են, եւ Հայաստանը պետք է ազատվի թե “ռազմավարական դաշնակցի”, թե նման այլ պատրանքներից:

No comments: