Saturday, June 26, 2010

ԻՐԱՐԱՄԵՐԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Բեռլինում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Ներկայացնելով իրենց զրույցի մանրամասները Թուքիա-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ, Մերկելն ասել է, որ ցավոք, երկկողմ հարաբերությունների գործընթացը հետաձգվեց, վերացավ, բայց վստահաբար այդ խնդիրը կլուծվի այն ժամանակ, երբ ԼՂՀ խնդիրը լուծված կլինի: Ցավոք, մամուլն Անգելա Մերկելի խոսքերի այս հատվածին կամա թե ակամա չի անդրադարձել, ինչն ամենակարեւոր հատվածն է: Մնացյալ խնդիրների մասին խոսակցությունն ու հրապարակավ հայտարարությունները նորություն չեն հաղորդում: Հայ-գերմանական երկկողմ հարաբերությունների, տնտեսական զարգացումների, վիզաների հեշտացման եւ այլ հարաբերությունների մասին բազմիցս խոսվել ու հայտարարվել է: Իսկ այն, ինչ վերաբերում է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին եւ դրա փոխկապակցվածությանը ԼՂՀ խնդրի լուծման հետ, բացի Թուրքիայի եւ Ադրբեջանի պաշտոնական հայտարարություններից, ոչ մի երկիր պաշտոնական եւ հրապարակավ այդ թեմայով հանդես չի եկել և Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չի պայմանավորել ԼՂՀ խնդրի լուծման հետ, որն արեց Գերմանիայի Կանցլեր Անգելա Մերկելը, այսինքն` Գերմանիայի կառավարությունից: Պարզվում է, որ Անգելա Մերկելն այդ մասին նաեւ խոսել է Սերժ Սարգսյանի հետ, սակայն թե ինչ են խոսել` պարզ չէ, բայց ինչ էլ որ լինի, եթե Սերժ Սարգսյանը համաձայն չլիներ Մերկելի այդ գաղափարին, կարող էր տեղում ճշտում մտցներ եւ հերքեր կամ դեմ արտահայտվեր Մերկելի այդ կարծիքին: Երկրորդ խնդիրը վերաբերում է օտարալեզու դպրոցներին: Սերժ Սարգսյանն ասում է, թե խոսքը մի քանի մասնավոր օտարալեզու դպրոցների մասին է: «Ամենից ավելի լավ ճանապարհը այն է, որ մենք կարողանանք կարճ ժամանակահատվածում բարձրացնել մեր բոլոր դպրոցների մակարդակը, որպեսզի այդ դպրոցներում մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Բայց դրա հետ զուգահեռ մենք ինչո՞ւ պիտի բացառենք միջազգային չափանիշներին համապատասխանող մի քանի մասնավոր դպրոցների առկայությունը», մասնավորապես ասել է Սերժ Սարգսյանը Բեռլինում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ` ներկայացուցիչների կողմից տրված հարցին ի պատասխան: Ըստ Սերժ Սարգսյանի, խոսքը մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որտեղ մի քանի առարկաների ուսուցումը, ինչպիսիք են հայոց պատմությունը, կրոնի պատմությունը եւ այլն, պարտադիր է լինելու ՀՀ քաղաքացու համար: «Բայց եթե այդ դպրոցներում ուսանեն Ռուսաստանի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիներ, արդյո՞ք մենք կարող ենք նրանց պարտադրել, որպեսզի նրանք անցնեն, ենթադրենք, ֆիզիկան, քիմիան հայերենով: Դա անհնարին մի բան է, չէ՞: Երևանում գործում է Ամերիկյան համալսարանը, որտեղ ուսուցումն անգլերեն է, գործում է Հայ-Ռուսական համալսարանը, որտեղ ուսուցումը ռուսերեն է, որից Հայաստանին որևէ վնաս չի հասցվել: Խոսքը, նորից եմ ասում, մի քանի մասնավոր դպրոցների մասին է, որոնց պետական բյուջեից մեկ դրամ էլ չենք հատկացնելու», մեկնաբանել է Սերժ Սարգսյանը: Նախ, ՀՀ նախագահը խոսում է «միջազգային չափանիշներին համապատասխանող դպրոցների» մասին, այսինքն` դպրոցներ, որտեղ անկախ ազգությունից ուսում կստանա «միջազգային չափանիշներին համապատասխան», իսկ մնացած դպրոցների «մակարդակը բարձրացնել», որպեսզի մեր երեխաները կարողանան ստանալ ժամանակակից մրցունակ գիտելիք: Հարց է առաջանում, թե ի՞նչ է «միջազգային չափանիշներին համապատասխան» ուսումը, եւ ինչո՞վ է այն տարբերվում հայկական դպրոցների «մակարդակի բարձրացումից` ժամանակակից ուսում ստանալուց»: Արդյո՞ք «ժամանակակից» ասելով նկատի չունեն «միջազգային չափանիշները»: Եթե դա նկատի չունեն, ապա ի՞նչ են հասկանում «ժամանակակից» ասելով, երևանյան ժամանակո՞վ է դա չափորոշվում: Հին մի ասացվածք կա. «Չգիտես մոլլայի մորուքին հավատաս, թե աքլորի պոչին»: Ըստ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի, խոսքը Հայաստանի դրպրոցների 2 տոկոսի մասին է, այսինքն` 15 դպրոց, որոնցից 8-ը` Երևանում, իսկ 7-ը` շրջաններում, կանցնեն օտարալեզու ուսուցման կամ, ինչպես իրենք են ասում, «կհամապատասխանեցվեն միջազգային չափանիշներին»: Չնայած հետո որոշվեց, որ ոչ թե 8/7, այլ 9 դպրոց Երեւանում, 2 շրջաններում, բայց դրանից խնդրի էությունը չի փոխվում: Սերժ Սարգսյանն ասում է, թե մի քանի մասնավոր դպրոցի մասին է խոսքը, նրա կառավարության նախարար Արմեն Աշոտյանն այդ «մի քանի դպրոցը» համարում է 8-ը Երեւանի, 7-ը շրջանների, կամ ինչպես հետո որոշեցին՝ 9-ը Երեւանի, 2-ը շրջանների աշխատող դպրոցները: Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանում այնքան գերմանացի, ռուս եւ այլ երկրների աշակերտություն կա, որ Հայաստանի 15, կամ 11 աշխատող դպրոցները հազիվ կբավարարեն այդ պահանջարկը: Այդ ո՞ր շրջաններն են, որ գերմանացի, գուս եւ այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների երեխաները պետք է ժամանեն իրենց մայրենի լեզվով ուսուցում ստանալու: Երեւանում ինչքա՞ն օտարալեզու երեխաներ կան, որ 9-ը դպրոց պետք է հատկացվի նրանց: Սերժ Սարգսյանի խոսքով, մի քանի տարի առաջ Հայաստանը կրթությանը հատկացնում էր Հայաստանի ՀՆԱ-ի մեկ տոկոսը: Այսօր արդեն, 2010 թ. բյուջեով, կրթության ծախսերը մոտենում են չորս տոկոսի: «Սա մի քիչ ավելի է, քան մենք հատկացնում ենք մեր բանակին...»: Ինչքան շատ են խոսում, այնքան պարզ է դառնում ամեն ինչը: 2005 թ. տվյալներով, Հայաստանի պաշտպանության բյուջեն կազմել է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 3,6 տոկոսը, իսկ եթե հինգ տարի անց, այսինքն 2010 թ. Հայաստանի պաշտպանության բյուջեն “մի քիչ” ցածր է ԿԳ տրամադրվողը տոկոսից, էլ ի՞նչ խոսք այն մասին, թե մեր բանակը այսօր ավելին է պատրաստված, քան երբեւե: Վերոնշյալ հակասական հայտարարությունները վկայում են այն մասին, որ մեր իշխանավորները, կամ մեկ մյուսից լուր չունի, կամ էլ փորձում են մեկ մյուսի արարքը արդարացնել: Հայաստանի նախագահը Բեռլինում ուղղակի փորձեց խնդիրը այլ կերպ ներկայացնել՝ ժողովրդին հանգստացնելու համար, ինչպես դա անում էր «Ֆուտբոլային դիվանագիտության» ընթացքում` Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի կողմից բացահայտ նախապայմաններն առանց նախապայմանների հարաբերություն ներկայացնել: Երվանդ Խոսրովյան 23 հունիսի 2010 թ. Գերմանիա

No comments: