Friday, June 25, 2010

Ի՞նչ է բացատրել Մամեդյարովը Շպինդելեգերին. Նա միայն ասաց, որ ադրբեջանցու պատասխանը համապատասխանել է իրենց սպասելիքներին

Ավստրիական «DER STANDARD» թերթի լրագրող Մարկուս Բերնաթին օրերս թույլ չէին տվել գնալ Ադրբեջան: Դրա վերաբերյալ այսօր հայ լրագրողները մեկնաբանություն խնդրեցին Ավստրիայի արտգործնախարար Միխայել Շպինդելեգերից, ով աշխատանքային այցով այսօր Երևան է ժամանել: Ասուլիսում նա ասաց, որ Բաքվում եղած ժամանակ հարցը քննարկվել է Ադրբեջանի արտգործնախարարի հետ, ստացել է համապատասխան պատասխան, որը համապատասխանել է իրենց սպասելիքներին: Ավստրիացի նախարարն առավել հստակ պարզաբանում չտվեց, թե ինչ է պատասխանել Մամեդյարովը, ու ինքն ինչ է արձագանքել, չնայած լրագրողը հետաքրքրվեց նաև նրա արձագանքից: Հիշեցնենք, որ ավստրիացի լրագրողին Ադրբեջան մուտքն արգելել էին, քանի որ նա եղել է ԼՂՀ-ում: Ավստրիացի նախարարից հետաքրքրվեցին նաև ԼՂ խնդրի վերաբերյալ ունեցած իր դիրքորոշման մասին: Նա ասաց, որ խնդրի մասին ամբողջական պատկերացումները կձևավորվեն կողմերի ներկայացրածների հիման վրա, և Էդվարդ Նալբանդյանը ԼՂ խնդիրը ներկայացրել է իր տեսանկյունից: «Ես չեմ եկել լուծելու ԼՂ հակամարտությունը, կլսեմ կողմերին, որից հետո ամբողջական պատկերացում կունենամ»,-ասաց նա: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, ավստրիացի նախարարը Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ տեսակետ է հայտնել, որ ԼՂ խնդրի խաղաղ լուծումն այլընտրանք չունի:

No comments: