Friday, June 25, 2010

Քուվեյթը մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հայաստանի հետ

Panorama.am. 25-6-2010- Այսօր ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստան ժամանած Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Մուհամմադ ալ-Շիմալիին ( Mustafa Jassim Al-Shemali ): Այս մասին հաղորդում են ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից: Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ արաբական աշխարհի հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից: Նախարարը բեկումնային է որակել 2008 թ. նոյեմբերին ՀՀ Նախագահի պետական այցելությունը Քուվեյթ, որից հետո համագործակցության մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվում, Քուվեյթում հիմնվել է Հայաստանի դեսպանություն: Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ Մուհամմադ ալ-Շիմալին նշել է, որ ՀՀ Նախագահի այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի են կոչվում: Քուվեյթի ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ իր երկիրը մտադիր է ընդլայնել համագործակցությունը բարեկամ Հայաստանի հետ և արդեն իսկ կոնկրետ քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ` նշելով, որ իր այցին հետևելու են քուվեյթյան բարձրաստիճան պաշտոնյաների այլ այցելություններ: Կողմերը քննարկել են երկու պետությունների միջև առևտրատնտեսական, կրթության, գիտության և գյուղատնտեսության ոլորտներում համագործակցության ընդլայնման հետ կապված հարցեր: Այս կապակցությամբ նախարար Նալբանդյանը նշել է որ Հայաստանը ողջունում ու աջակցում է Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում քուվեյթյան ներդրումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է այսօր ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրումը և կարևորեց մոտ ապագայում տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի համաձայնեցումը և կնքումը: Երկուստեք նշվել է, որ Հայաստանի և Քուվեյթի միջև օդային հաղորդակցության հաստատումը կխթանի տնտեսական փոխգործակցության զարգացումը: Նախարար Նալբանդյանը խնդրեց իր ողջույնները փոխանցել քուվեյթցի գործընկերոջը և վերահաստատել Երևան այցելելու նրան ուղղված իր հրավերը:

No comments: