Wednesday, June 23, 2010

Սերժ Սարգսյան. Մոտ ապագայում տարածաշրջանային խնդիրների լուծումը քիչ հավանական է

Panorama.am. 22-6-2010- Հարավային Կովկասում քաղաքական համապարփակ լուծումները մոտ ապագայում քիչ հավանական են: Հունիսի 22-ին Գերմանիայի Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիայում ունեցած ելույթում հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: «Հայաստան. Հանուն անվտանգ և բարգավաճ Հարավային Կովկասի» խորագրով ելույթի ընթացքում հանրապետության ղեկավարը խոսեց ժամանակակից աշխարհում Հարավային Կովկասի դերի, դրա կարևորության, տարածաշրջանի ներկայի ու ապագայի մասին: Խոսելով տարածաշրջանում առկա քաղաքական խնդիրներին մասին` նախագահ Սարգսյանը նշեց, որ չի կիսում այն տեսակետը, թե անհրաժեշտ է նախ քաղաքական խնդիրները լուծել, որից հետո միայն համագործակցել տնտեսության ոլորտում: «Ուզում եմ հակադարձել տարածված այն տեսակետ-մոտեցմանը, ըստ որի սկզբում անհրաժեշտ է հասնել ընդհանուր քաղաքական լուծման, որից հետո կարելի է համաձայնությունը «յուղել» տնտեսական առատ աջակցությամբ: Խիստ կասկածներ ունեմ մեր տարածաշրջանում նման մոտեցման կենսունակության վերաբերյալ»,- նշեց Սերժ Սարգսյանն, ապա հավելեց. «Նման մոտեցումն աշխատում է այն իրավիճակներում, երբ հստակորեն առկա է պայմանավարովածության կատարման «պարտադրող կողմը», ում լիազորությունները չեն վիճարկվում և չեն վիճարկվելու որևէ մեկի կողմից: Այդ մոտեցումը աշխատում է Բալկաններում, բայց «պարտադրող կողմի» բացակայության պայմաններում չի աշխատել բազում այլ վայրերում, ամենավառ օրինակը Պաղեստինն է»: Ադրադառնալով տարածաշրջանում քաղաքական խնդիրների լուծման հնարավորություններին` Սերժ Սարսգյանը նշեց. «Մոտ ապագայում մեր տարածաշրջանում քաղաքական համապարփակ լուծումների կայացումը համարում եմ քիչ հավանական, իսկ տարածաշրջանային տնտեսական համագործակցության աշխուժացումն ինքը կստիպի վերանայել փակ սահմանների և սառած հարաբերությունների առկա ստատուս-քվոն և հակամարտությունների լուծման համար փոխվստահության մթնոլորտ կձևավորի»: Հիշեցնենք, որ պաշտոնական այցով Գերմանիայի դաշնային հանրապետությունում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել էր Կոնրադ Ադենաուերի հիմնադրամի ակադեմիա, որտեղ «Անվտանգությունը և զարգացումը Հարավային Կովկասում. Հայաստանի դերը» խորագրով քննարկման ժամանակ հանդես էր եկել ծավալուն ելույթով: Մինչ այդ հանրապետության ղեկավարը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի բարձրագույն ղեկավարության, այդ թվում` դաշնային կանցլերի, դաշնության նախագահի պաշտոնակատարի և բունդեսթագի խոսնակի հետ:

No comments: