Wednesday, June 23, 2010

Մամլո հաղորդագրություն

2010 թ. հունիսի 20-ին, Քյոլն քաղաքում, տեղի ունեցավ Եվրոպայի Հայերի Համագումարի (ԵՀՀ) Գերմանիայի բաժանմունքի աշխատանքային ժողովը՝ մասնակցությամբ Գերմանիայի տարբեր քաղաքներից ժամանած 20-ից ավել մասնագիտությունների տեր անձնավորությունների: Ժողովի բացման պաշտոնական արարողակարգին հաջորդեց, վերջին ժամանակաշրջանում, հայկական իրականության մեջ տեղի ունեցած իրադարձություններին, տեղեկատվական-բացատրական, Ցեղասպանության ճանաչման քայլերին վերաբերող նախաձեռնություններին ու միջոցառումներին, հայկական համայնքներում տեղի ունեցած աշխատանքներին եւ մարդկային ու նյութական ռեսուրսներին: Ժողովը քննարկեց հայության հուզող մի շարք հրատապ խնդիրներ եւ ԵՀՀ-ի նպատակների ու պարտավորությունների շրջանակներում քննարկվեցին դրանց լուծմանը հասնելու եղանակներն ու աշխատանքի ձեւերը: Քննարկվեց Ցեղասպանության ճանաչմանը վերաբերող հարցեր, հատկապես հայ-թուրքական մերձեցման գործընթացից առաջացած վերջին բարդությունները եւ դրանց լուծման ու ճիշտ ուղու վրա շարունակելու աշխատանքային ձեւերը: Այդ հարցի առաջխաղացման համար առաջարկվեց երկու հիմնական եւ միմյանց լրացնող ուղղություն` իրավաբանական ու քաղաքական: ԵՀՀ-ի նախագահ Կարո Հակոբյանն իր ելույթում անդրադառնալով միջազգային ասպարեզում գոյություն ունեցող օրենքների եւ պայմանագրերի դաշտում տեղի ունեցող բացասական եւ դրական ֆակտորներին` նախազգուշացրեց, որ դրանց խորը չուսումնասիրությունն ու չիմացությունը հնարավոր է Ցեղասպանությունը իրավական դաշտ բարձրացնելիս վտանգավոր անակնկալի առաջ կանգնեցնի մեր ժողովրդին: Իրավաբան, փաստաբան Պերճ Ալեքսանյանն իր գիտական հակիրճ զեկույցում մանրամասն տեղեկություն տվեց Գերմանական ՙԴոյչե Բանկի՚ արխիվների, օսմանական կայսրությունում ունեցած նրա դերի ու գործունեության մասին, ինչպես նաեւ իրենց կողմից ներկայացված հատուցման հայցի մերժման մանրամասություններին: Հաղորդակցական, մամլո եւ կազմակերպչական ոլորտներում առկա խնդիրների եւ դրանց լուծման մասին եղան առանձին քննարկումներ եւ առաջարկներ: Օրակարգում հատուկ ուշադրության եւ քննարկման առարկա դարձավ երիտասարդության կազմակերպման եւ նրանց աշխատանքներին վերաբերող հարցերը: Հանդիպման ընթացքում, երիտասարդ ակտիվիստների աշխույժ մասնակցությամբ, քննարկվեցին թե ինչպես եւ ինչ միջոցներով է կարելի երիտասարդներին ներգրավել քաղաքական, հասարակական եւ մշակութային աշխատանքներում: Քյոլնում կայացած համագումարի հիմնական գործնական ձեռքբերումներից էր ըստ մասնագիտության եւ նախասիրությունների ստեղծված տարբեր հանձնախմբերը, որոնք են` իրավաբանական, երիտասարդական, հաղորդակցական, մամուլի եւ կազմակերպչական, որը նպատակ ունի ԵՀՀ-ի աշխատանքներն ավելի մասնագիտացված եւ արհեստավարժ կերպով առաջ տանելու համար: Իրավաբանական հանձնախումբը որոշեց ուսումնասիրել Ցեղասպանությանը վերաբերող միջազգային բոլոր իրավական օրենսդրություններն ու պայմանագրերը եւ մշակել օրենսդրական նախագիծ` միջազգային օրենսդրություններում եւ պայմանավորվածություններում, ինչպես նաեւ 1948 թ. ՄԱԿ-ի կողմից ընդունված ցեղասպանության որակավորման եւ արգելման խարտիայում բացթողումները լրացնելու համար: Դոկտոր Րաֆֆի Պետիկյանը պարզաբանումներ տվեց Գերմանիայի կառավարության կողմից Ցեղասպանության մերժման մանրամասների մասին` նշելով, որ մեր խնդիրը պետք է մեր ձեռքում լինի եւ թույլ չտանք, որ այն չարաշահելով, դառնա քաղաքական խաղաքարտ գերհզոր տերությունների ձեռքում` Թուրքիայի հետ իրենց քաղաքական հաշվեհարդարի համար: Նա առաջարկեց, որ ԵՀՀ-ի կողմից ընթացքի մեջ դրված բողոքի նամակն ամբողջ գերմանահայ համայնքի կազմակերպությունների ստորագրությամբ ուղարկել գերմանական կառավարությանն ու Բունդեսթագին, ինչպես նաեւ գերմանական եւ հայկական մամուլին ու եվրոպական հասարակությանը: Վերջում ժողովը միաձայն վերահաստատեց Եվրոպայի Հայերի Համագումարի պաշտոնական դիրքորոշումը Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնելու Հայաստանի կառավարության որոշման մասին եւ խստիվ դատապարտեց այդ հակազգային, հակապետական եւ հակաժողովրդավարական նախագիծը` հույս հայտնելով, որ այդ նախագիծը կմերժվի եւ չեղյալ կհայտարարվի: Եվրոպայ Հայերի Համագումար Մամլո գրասենյակ Շվեդիա, 22.06.2010 թ.

No comments: