Wednesday, June 23, 2010

ԵԹԵ ԵԿԵՂԵՑՈՒ ԲԱՑՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

Անհանդուրժողականությունն էլ պետք է համարվի ոչ մահմեդականների նկատմամբ թուրքական «հանդուրժողականության» առանձնահատկությունը «ԱԶԳ», 23-06-2010- Վերջին շրջանում Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը ձեռնամուխ է եղել տարվա մեջ մեկ օր ժամերգության համար հայերի, հույների եւ ասորիների մեկական եկեղեցիներ բացելուն, որոնցից թերեւս առաջինը Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին է: Նախարարության այս նախաձեռնությունը բուռն հակազդեցություն է առաջացրել ընդդիմության շրջանում: Դրան հատկապես առարկել է «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության փոխնախագահ Իսմեթ Բույուքաթամանը: Նա, «Էթիկհաբեր» կայքէջի վկայությամբ, հարցում է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահություն, պահանջելով, որ դրան գրավոր պատասխանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայը: Հարցապնդման մեջ Բույուքաթամանը հետեւյալ կերպ է պատճառաբանել դրա անհրաժեշտությունը. «Վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության իշխանությունների եկեղեցական նախաձեռնությունները վերջ չունեն: Վերջին անգամ օգոստոսի 15-ին մեկ օրով ժամերգության համար է բացվել Տրապիզոնի հունական Սումելա վանքը: Անցյալ տարի վանքը ժամերգության համար բացելու քրիստոնյաների նկրտումը խափանել էր Սումելա թանգարանի տնօրեն տկն Նիլգյուն Յըլմազերը: Իսկ այս տարի կառավարությունը պաշտոնապես արտոնել է բացումը: Օգոստոսի 15-ը պոնտական պետության կործանման ամսաթիվն է: Հետեւաբար միանգամայն տրամաբանական է, որ ժամերգության համար քրիստոնյաները հենց այդ օրն ընտրեին: Մշակույթի նախարարությունը պետք է գիտակցի այդ օրվա խորհուրդն ու ըստ այդմ որոշում ընդունի»: Ինչ վերաբերում է նախարար Գյունային ուղղված հարցերին, ապա դրանք հետեւյալն են. - «Օսմանյան զորքերը 1461-ի օգոստոսի 15-ին են գրավել Տրապիզոնը: Ճի՞շտ է, որ Սումելա վանքը ժամերգության բացելու համար գիտակցաբար հենց օգոստոսի 15-ն է ընտրվել: - Նախարարությունը չի մտածո՞ւմ օգոստոսի 15-ի փոխարեն այլ ամսաթիվ ընտրել: Ի՞նչ են մտածում Պոնտոսի հունական պետության կործանման օրըՙ օգոստոսի 15-ը իբրեւ ժամերգության օր ընտրողները, նրանք դրանով արդյոք չե՞ն ձգտում հռչակել Բյուզանդիայի վերականգնումը: - Ժամերգության համար մինչ այդ բացված Վանի Աքդամար (Աղթամար) եւ Ալեքսանդրետի ասորական եկեղեցիներից հետո ժամերգության արտոնություն ո՞ր եկեղեցիներին է տրվելու: Հնարավո՞ր է, որ ժամերգության համար բացվի նաեւ Այա Սոֆիան: - Նախարարությունը չի՞ մտածում մայիսի 29-ինՙ Ստամբուլի նվաճման օրը նամազի համար մահմեդական հավատացյալների առջեւ բացել Այա Սոֆիան»: Ինչո՞ւ մահմեդականների, որովհետեւ 1453-ի մայիսի 29-ին, երբ Մեհմեդ Երկրորդը գրավեց Կ. Պոլիսը, Այա Սոֆիան մզկիթի էր վերածել: Քաղաքի փառահեղ մյուս եկեղեցիներն արժանացել էին նույն ճակատագրին կամ էլՙ հիմնահատակ ավերվել: Ինչ վերաբերում է Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու տարվա մեջ մեկ օրՙ ընդամենը մի քանի ժամով ժամերգության համար բացմանը, ապա հիշեցնենք, որ 1914-ին, այն էլՙ թուրքական տվյալներով, ներկայիս Թուրքիայի ասիական հատվածում գործում էին 2 հազար 538 հայկական եկեղեցի եւ 451 վանք: 1915-23 թթ. թուրք մարդասպանները իթթիհատական թե քեմալական, բնաջնջել են արեւմտահայությանը: Բնաջնջմանը հետեւել է երկրի տարածքում հայկական հետքի վերացումը: Մինչեւ 1974 թ. ցեղասպան իթթիհատականների իրավաժառանգորդները հասցրին հայկական 2 հազար 989 եկեղեցիներից եւ վանքերից 2 հազար 737-ը քանդել, մնացած 252-ն անտերության մատնեցին, որ քանդվի: Պետականորեն քանդման էր ենթակա նաեւ Աղթամարի Սուրբ Խաչը, միայն վերջին պահին կասեցվեց քանդումը: Թերեւս 2 հազար 989 եկեղեցիներից եւ վանքերից միակն է, որ շարունակում է կանգուն մնալ թեկուզ առանց խաչի, եւ վարչապետ Էրդողանի իշխանությունները տարվա մեջ մեկ օր թույլատրել են ժամերգություն կատարել Սուրբ Խաչում: Իսկ, ի դեմս Ազգայնական շարժում կուսակցության, թուքական ընդդիմությունն առարկում է, դեռ ժամերգությունն էլ դավադրություն է համարում միտված թուրք ազգի միասնականության եւ թուրքական պետության ամբողջականության դեմ: Առարկումն անհանդուրժողականության դրսեւորում է: Ըստ երեւույթին այդ անհանդուրժողականությունն էլ պետք է համարվի ոչ մահմեդական ժողովուրդների նկատմամբ թուրքական դարավոր «հանդուրժողականության» առանձնահատկությունը: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: