Tert.am. 22-6-2010- Քիչ առաջ Բեռլինում ավարտվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։ Ինչպես հաղորդում է Tert.am–ի թղթակիցը Գերմանիայից, հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։Ներկայացնելով իրենց զրույցի մանրամասները՝ Մերկելն ասել է, որ ինքը Սերժ Սարգսյանից տեղեկացել է օրերս Սանկտ Պետերբուրգում կայացած եռակողմ (Սարգսյան, Մեդվեդև, Ալիև) հանդիպման մասին։ Կանցլերի խոսքով՝ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության լուծման լավագույն ձևաչափն է։
«Մենք նաև անդրադարձանք Հայաստանի հետ տնտեսական հարաբերություններին, Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, վիզային ռեժիմի պարզեցմանը, ինչը նոր թափ կհաղորդի հայ–գերմանական տնտեսական հարաբերություններին»,– ասել է Մերկելը։
ՍերԺ Սարգսյանը նշել է, որ «հայ–գերմանական հարաբերությունները մենք դիտում ենք որպես կարևոր բաղադրիչ Հայաստանի եվրոմերձեցման քաղաքականության ընդհանուր համատեքստում»։
«Մենք համակարծիք ենք, որ Եվրմաիության արևելյան գործընկերության քաղաքականությունը լայն հնարավորություններ է ստեղծում այդ բնագավառում»,– ասել է Սերժ Սարգսյանը։Այնուհետև նախագահը նշել է, որ ինքը կանցլերին ներկայացրել է հայ–թուրքական գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա գործընթացը։
Անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Հայաստան–Թուրքիա հարաբերություններ չկան, ինչպես գիտեք, և, ցավոք սրտի, Թուրքիայի որդեգրած նոր քաղաքականությունը որևէ լավատեսություն մեզ չի հաղորդում։ Ինչպես գիտեք, 2008թ, մենք նախաձեռնեցին հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց նաև գիտակցում էինք, որ այդ հարաբերությունները կարող են ձևավորվել քաղաքական մեծ կամք դրսևորելու պարագայում։ Այսպիսի կամք մենք չտեսանք թուրքական կողմից, և տեսանք, որ նույնիսկ ստորագրված արձանագրությունները չեն վավերացվում թուրքական խորհրդարանի կողմից, և այդ պարագայում մենք կասեցրեցինք այդ արձանագրությունների վավերացման գործընթացը Հայաստանի խորհրդարանում։ Այսօրվա քաղաքականությունը չի նպաստում մեր հարաբերությունների սկսմանը»։
Սերժ Սարգսյանը նաև ասել է, որ ինքը կանցլերին հրավիրել է Երևան, ինչին «Մերկելը ջերմ է արձագանքել»։
Լրագրողների այն հարցին, թե երբ Մերկելը կայցելի Հայաստան՝ Գերմանիայի կանցլերը պատասխանել է. «Հուսով եմ՝ մյուս տարի»։
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment