Saturday, June 26, 2010

Բաքու. Քննարկվել են իրանցի ներդրողների խնդիրները

Aysor.am. 25.06.2010- Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Շամսէդդին Հոսեյնիի, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամիի և մի շարք իրանցի պաշտոնյաների և գործարարների մասնակցությամբ Բաքվում կայացած նիստի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի Հանրապետությունում ներդրումներ կատարած իրանցի գործարարների խնդիրներին առընչվող հարցեր: Այդ մասին հայտնում է իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը: Նշենք, որ իրանական լրատվական գործակալություններն ու կայքերը հաճախ են անդրադառնում Ադրբեջանում գործող Իրանի քաղաքացիների` մասնավորապես գործարարների և ուսանողների խնդիրներին: Ըստ «ՖԱՐՍ» լրատվական գործակալության` Ադրբեջանի կառավարության ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով Ադրբեջանում գործող իրանցի ներդրողները զգալի ֆինանսական վնասներ են կրում, որի պատճառով վերջին շրջանում Իրանի քաղաքացիների բողոքներն ու դժգոհություններն ավելացել են` ուղղված Ադրբեջանի պաշտոնյաներին: Իսկ իրանական «արաննյուզ.իռ» կայքի փոխանցմամբ էլ Ադրբեջանի Հանրապետությունում սովորող իրանցի ուսանողներն այդ երկրում մշտապես բախվում են մի շարք դժվարությունների, արժանանում` կոպիտ վերաբերմունքի: Բաքվում կայացած նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել նաև Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին`վեր բարձրացնելով Իրանի քաղաքացիների` Ադրբեջանի Հանրապետությունում ունեցած խնդիրները:

No comments: