Saturday, June 26, 2010

Փորձագետ. Թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացումը մտահոգիչ է նաեւ Իրանի համար

Nwes.am.25-6-2010- Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին հարձակողական տիպի սպառազինության արտադրության հարցում ենթադրում է տարբեր դասի զրահամեքենաների, ռազմական մեքենաների, կարճ հեռահարության հրթիռների եւ հրթիռահրետանային համակարգերի համատեղ արտադրություն։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշեց Հայաստանի «Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի» փորձագետ, թուրքագետ Լեւոն Հովսեփյանը՝ ավելացնելով, որ Թուրքիայի աջակցությամբ ռազմարդյունաբերական համալիրը հետեւողականորեն զարգացնող Ադրբեջանը արտադրանքը հիմանականում սպառելու է ռազմական ներքին շուկայում։ «Քարոզչական նպատակով Ադրբեջանը հնարավոր է փոքր խմբաքանակի արտահանում իրականացնի ինչ-որ երկիր՝ պարզապես ցուցադրելու, որ համատեղ ծրագիրը կայացել է, եւ նույնիսկ արտաքին շուկայում գնորդներ ունեն»,- նշեց Հովսեփյանը՝ հավելելով, որ Ադրբեջանի նպատակն է արտադրանքը սպառել ռազմական ներքին շուկայում, քանի որ զինվելու համար ամեն տարի բյուջեից մեկ միլիարդ դոլարից ավելի գումար է հատկացնում։ Ըստ փորձագետի՝ թուրք-ադրբեջանական համատեղ ծրագրերում ենթադրվում է նաեւ հրաձգային զենքերի եւ ռազմական հանդերձանքի արտադրություն, բայց երկու երկրները, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չեն կարող բարձր տեխնոլոգիական սպառազինություն արտադրել, քանի որ ռեսուրս չունեն։ «Բարձր տեխնոլոգիական զինատեսակների արտադրության համար անհրաժեշտ է մասնագետների առկայություն եւ գիտահետազոտական ինստիտուտների տարիների աշխատանք, բայց հատկապես Ադրբեջանը չունի այդ հնարավորությունները»,- նկատեց փորձագետը։ Հովսեփյանի խոսքով՝ Ադրբեջանը միաժամանակ փորձում է Իսրայելի հետ համատեղ ռազմատեխնիկական ծրագրեր իրականացնել, այդ թվում նաեւ հետախուզական անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում, ինչը մտահոգիչ է Իրանի համար։ «Երբ վերջին շրջանում ակտիվացան Ադրբեջանի եւ Իսրայելի ռազմատեխնիկական շփումները, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հասան Ֆիրուզաբադին նշեց, որ Իրանը մտահոգություններ ունի եւ չի հանդուրժի նման զարգացումներ»,- ասաց Հովսեփյանը՝ ավելացնելով, որ թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության խորացումը եւս Իրանի համար ձեռնտու չէ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի զինվորական շրջանակներում արդեն բավական մեծ է թուրքամետ սպաների կլանի ազդեցությունը։ «Վերջին տասնամյակում Ադրբեջանի սպայական անձնակազմի նոր սերունդը կրթվել եւ դաստիարակվել է թուրքական ռազմական կրթօջախներում, եւ ունի խիստ թուրքամետ դիրքորոշում, իսկ Թուրքիան այդ ուժերի ազդեցությունը Ադրբեջանում մեծացնելու առիթը բաց չի թողնում, այդ իսկ պատճառով ռազմարդյունաբերության համատեղ ծրագրերի զարգացումը նաեւ ռազմաքաղաքական նշանակություն է կրում, որը կարող է անհանգստացնել ոչ այնքան Ռուսաստանին, որքան Իրանին»,-նշեց փորձագետը՝ ընդգծելով, որ Իրանի հյուսիսային հարեւան Ադրբեջանը, երբեք չի թաքցրել արեւմտամետ եւ թուրքամետ դիրքորոշումը։ «Սա մի նոր գլխացավանք կարող է դառնալ Իրանի համար, քանի որ Ադրբեջանը կարող է Իրանի դեմ գործողություններ սկսելու համար հնարավոր հանգրվան դառնալ Արեւմուտքի համար, իսկ Բաքվի հատկապես սպայակազմի զգալի մասը գտնվում է թուրքական ազդեցության տակ, Թուրքիան էլ իր հերթին ՆԱՏՕ-ի կարեւորագույն անդամներից է»,- նշեց Հովսեփյանը՝ նկատելով, որ Իրանի իշխանությունները մտահոգություններ ունեն Հյուսիսային Իրանում թյուրքական տարրի հնարավոր ակտիվացման հետ կապված, ինչը կփորձեն օգտագործել Արեւմուտքի ուժային կենտրոնները, որպեսզի ապակայունացնեն Իրանի ներքաղաքական իրավիճակը։ Փորձագետի խոսքով՝ Ադրբեջանի ռազմական համակարգում թուրքական նոր գործոն է ավելացել։ Մոտ երկու ամիս առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի ռազմական գծով խորհրդական է նշանակվել Թուրքիայի նահանգներից մեկի ժանդարմերիայի հրամանատար՝ Ունալ Օդեմիշը, որը բնականաբար կներգրավվի ադրբեջանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների կազմակերպման ու վարժեցման գործում, եւ կփորձի ավելի համախմբել Ադրբեջանի թուրքամետ ռազմական ուժերը, այսինքն՝ Թուրքիան տարբեր գործոնների միջոցով փորձում է վերահսկողություն եւ ազդեցություն սահմանել Ադրբեջանի բանակի նկատմամբ։

No comments: