Wednesday, June 23, 2010

ԻՆՉՈՒ ՀԻՇԱՏԱԿՎԵՑ ԻՐԱՆԸ

Հարավային Կովկասի ապագայի եւ դրանում Հայաստանի դերի մասին ելույթ ունենալով Գերմանիայում Կոնրադ Ադենաուերի անվան ակադեմիայում, Սերժ Սարգսյանը հիշատակել է տարածաշրջանային ապագայի հարցում Իրանի դերի մասին: “Ես հասկանում եմ, որ Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցների լույսի ներքո որոշ սկեպտիկներ թերահավատությամբ կվերաբերվեն իմ այս մոտեցմանը, բայց վստահ եմ, որ տարածաշրջանային լուծումներում չի կարելի և հնարավոր էլ չէ անտեսել Իրանը: Տարածաշրջանի համար խիստ կարևոր է Իրանի՝ վտանգված լինելու զգացման փարատումը: Առանց դրա չկա լուծում ոչ վաղվա խնդիրների, ոչ էլ նույնիսկ այսօրվա միջուկային խնդրի համար”, հայտարարել է Սերժ Սարգսյանն ու հիշեցրել, որ Հայաստանը իրականացնում է Վրաստանի նավահանգիստները Իրանին կապող ավտոճանապարհի եւ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարություն: Իրանի գործոնի հրապարակային հիշատակումը Հայաստանի վերջին շրջանի արտաքին քաղաքականության մեջ կարծես թե աննախադեպ երեւույթ է, առավել եւս այդօրինակ շեշտադրումներով: Սերժ Սարգսյանն առաջին անգամ չէ, որ ելույթ է ունենում արտերկրի ամբիոններում եւ խոսում տարածաշրջանի ու դրա ապագայի մասին, բայց կարծես թե առաջին անգամ է, որ հիշատակվում է Իրանը հաշվի առնելու անհրաժեշտությունը եւ հաշվի չառնելու պարագայում տարածաշրջանային կայուն եւ խաղաղ ապագայի անհնարինությունը: Ինչն է պատճառը, որ Հայաստանը որոշել է հիշատակել Իրանին: Արդյոք այն, որ հունիսի 18-ին սահմանային հայտնի միջադեպից հետո այսպես ասած միջազգային հանրությունը համարժեք չարձագանքեց հայկական կողմի այն պնդումներին, որ Ադրբեջանի սադրանքը անհարգալից վերաբերմունք էր միջազգային հանրությանը: Թե Հայաստանի նախագահն Իրանի դերը հիշատակելով, պաշտոնական Թեհրանին փորձում է հավաստիացնել, որ Արեւմուտքի հետ հարաբերություն կառուցելիս Հայաստանը չի մոռանա Իրանի շահի մասին եւ չի գնա այդ շահը ոտնահարելուն: Բանն այն է, որ նույն հունիսի 18-ի միջադեպից հետո աշխուժացան խոսակցություններն ու գնահատականներն այն մասին, որ կարծես թե փորձ է արվում ձեւավորել տարածաշրջանում խաղաղապահների անհրաժեշտության մթոնոլորտ: Ենթադրություններ ու դատողություններ եղան նաեւ այն մասին, որ այդ մթնոլորտի ձեւավորմանն է ուղղված նաեւ Հայաստանի իշխանության որոշակի խուճապային արձագանքը: Իսկ խաղաղապահների տեղակայումը տարածաշրջանում ամենեւին էլ չի տեղավորվում իրանական շահի համատեքստում, քանի որ Իրանի համար ոգեւորիչ չէ որեւէ միջազգային զինուժի առկայությունն իր սահմանի տակ, լինի այդ զինուժը ռուսական, ամերիկյան, թե այլ երկրների: Ընդհանրապես, նկատելի է, որ այսպես կոչված “նախաձեռնողական” արտաքին քաղաքականության օրերում, իրանական ուղղությունը քաղաքական իմաստով կարծես թե չէր դասվում քաղաքական գերակայությունների շարքին: Օրինակ, հատկանշական է, որ ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը տարածաշրջանի հարեւաններից ամենավերջինը հանդիպեց հենց Իրանի նախագահի հետ: Ավելին, չգիտես ինչու եւ ինչպես, Իրանի հետ հարաբերության հետագա շարունակության պատասխանատվությունը կարծես թե ստանձնեց պաշտոնաթող Ռոբերտ Քոչարյանը, ում Մահմուդ Ահմադինեջադը հրավիրեց Իրան, եւ այնտեղ հնչեցին հակաարեւմտյան երանգ պարունակող բավական թափանցիկ հայտարարություններ: Տպավորությունը նույնիսկ այնպիսին էր, որ պաշտոնական Թեհրանը ինչ որ բանից դժգոհ էր եւ Ռոբերտ Քոչարյանին հրավիրել էր իր մտահոգությունները հայտնելու: Սերժ Սարգսյանը կարծես թե չափից շատ էր տարվել Արեւմուտքով, մինչեւ երեւի թե հասկացավ, որ Արեւմուտքն իր շահն ու ռազմավարությունն ունի, որն ամենեւին պայմանավորված չէ Հայաստանի նախագահի ով լինելով եւ հաշվի չի առնում այդ նախագահի անձնական կամ քաղաքական մտահոգություններն ու խնդիրները: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: