Saturday, June 12, 2010

ՊԱՐՏՎՈՒՄ ԵՆՔ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻՆ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ

Միջազգային հանրությունն այսօր հավատում է Ադրբեջանին «Խոջալուում հայերն իրականացրել են ադրբեջանցիների ցեղասպանություն», միաբերան բղավում են ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները, տարբեր պաշտոնյաներ ամենատարբեր միջազգային ամբիոններից: Իսկ որ Մարաղայում իրականացվել է հայերի ցեղասպանություն, որ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում կատարվել է հանցանք` ընդդեմ մարդկությանը, միջազգային հանրությունը «տեղյակ չէ», ինչո՞ւ չակերտների մեջ, որովհետեւ շատ երկրներ` կոնկրետ ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանը, հաստատ գիտեն` ինչ է կատարվել ադրբեջանական քաղաքներում (եւ ոչ միայն) հայերի հետ: Սակայն արդարության հասնելու համար անհրաժեշտ է տարածել սեփական կարծիքը, նույնիսկ եթե այն միակ ճշմարտությունն է: Սակայն գաղտնիք չէ, որ Ղարաբաղի մասին միակ ճշմարտությունն այսօր ընդունում են միայն Հայաստանում, Սփյուռքը եւ «Հայաստանի բարեկամները», ինչպես սիրում է կրկնել Իլհամ Ալիեւը, այնինչ «Խոջալուում ադրբեջանցիների ցեղասպանությանը» աշխարհում հավատում են շատերը` նավթադոլարային հիմքով` ակտիվ քարոզչության արդյունքում: Այս առումով Հայաստան եւ ԼՂՀ այցելած բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսը բավական դիպուկ կոչ է արել համայն հայությանը`... զարթնել. «Կոչ եմ անում հայկական կողմինՙ զարթնել, պատմել աշխարհին այն մասին, թե ինչ է տեղի ունեցել ձեզ հետ 90-ականների սկզբներին: Քարոզեք ձեր ճշմարտությունը. միջազգային հանրությունն այսօր հավատում է Ադրբեջանին», նշել է բարոնուհի Քոքսը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, ընդգծելով, որ Մարաղայում տեղի ունեցածը «հանցագործությունն էր ընդդեմ մարդկությանը»: Քերոլայն Քոքսը վաղուց է հայտնի իր հայանպաստ գործունեությամբ. նա բազմիցս է Լորդերի պալատում բարձրաձայնել Հայոց ցեղասպանության հարցը: Բրիտանական խորհրդարանի վերին պալատի` Ցեղասպանության վերաբերյալ վերջին քննարկումներում նույնպես «հայկական կողմի» ակտիվիտներից էր բարունուհի Քոքսը: Սակայն եթե մենք մեր աղքատիկ միջոցներով կարողանում ենք առանձին, թեկուզ նշանավոր ու կարեւոր անձանց պատմել միակ ճշմարտությունը, ապա ադրբեջանական քարոզչամեքենան ընդունակ է կլանելու ամբողջ կառույցներ, ապացույցը` օրերս Իսլամական երկրների գագաթաժողովի ընդունած Դուշանբեի հռչակագիրը` «Հայաստան ագրեսորով», եւ, իհարկե` Եվրոպառլամենտի` 2216-ը: Ըստ երեկ ասուլիս հրավիրած «Շուշի» բարեգործական հիմնադրամի տնօրեն Բակուր Կարապետյանի, քարոզչական դաշտում ադրբեջանցիների դեմ արդյունավետ պայքարելու համար անհրաժեշտ է, որ Հայաստանի իշխանությունները գիտակցեն քարոզչության կարեւորությունն ու նշանակությունը: «Մենք ունենք ամեն ինչ. մեր ճշմարտությունն ավելի զորեղ է, բայց այդ ճշմարտությունը պետք է տեղ հասցնել: 90 անգամ ասված ստին գուցե չհավատան, բայց 100-րդին անպայման հավատում են: Ադրբեջանական քարոզչությունը հենց քանակի վրա է շեշտը դրել, չնայած վերջին ժամանակներում նրանք ուշադրություն են դարձնում նաեւ որակին` ահռելի գումարներ ծախսելով եւ անհրաժեշտ մարդկանց դիմելով: Իսկ Հայաստանում այս աշխատանքներով զբաղված են անհատ մարդիկ, որոնք, ինչ խոսք, չեն կարող միայնակ դիմակայել ադրբեջանական քարոզչամեքենային», նշեց Կարապետյանը: Ավելորդ չենք համարում եւս մեկ անգամ շեշտել բարոնուհի Քոքսի խոսքը. «Կոչ եմ անում հայկական կողմինՙ զարթնել...»: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: