Aysor.am. 12-6-2010- Հունիսի 10-ից 11-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցել է Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող պետությունների ձևաչափով ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումները միջազգային առաքելությունների վերաբերյալ: Կոսովոյի հարցերով քննարկումների ժամանակ պաշտպանության նախարարներն ընդգծել են առաքելության իրականացման գործում արձանագրված առաջընթացը և Կոսովոյում անվտանգության ընդհանուր իրավիճակի բարելավումը: Նախարարները համաձայնել են, որ Կոսովոյում իրականացվող գործողությունը պետք է շարունակել մինչև երկրում անվտանգության և կայունության լիարժեք հաստատումը:
Աֆղանստանի վերաբերյալ քնարկվել է անվտանգության ապահովման պատասխանատվությունը աֆղանական մարմիններին փոխանցելու գործընթացը: Որպես կարևորագույն բաղադրիչ, ընդգծվել է աֆղանական բանակի և ոստիկանության ուժերի կատարելագործմանն ուղղված ՆԱՏՕ-ի ուսումնական առաքելությունն ընդլայնելու և մարդկային ներուժով համալրելու անհրաժեշտությունը:
Այցի ընթացքում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարճատև զրույցներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսի և Վրաստանի պաշտպանության նախարար Բաչանա Ախալայայի հետ: Քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր:
Հունիսի 12-ին Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Հայաստան:
Saturday, June 12, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment