«Լրագիր» 14-6-2010- Հայաստանի Ազգային Անվտանգության ծառայությունում կարծես թե սկանդալ է հասունանում: Հայկական մամուլում հրապարակումներ են եղել ծառայությունում ներքին ծառայողական քննության մասին: Ըստ տեղեկությունների, այդ հետաքննությունը կապված է գաղտնալսումների հետ. ԱԱԾ-ում փորձում են պարզել, արդյոք այդ գաղտնալսումները վաճառվել են ինչ որ ազդեցիկ մարդկանց, օլիգարխների, քրեական խմբավորումների, որոնք կարող էին այդպիսով ֆինանսական եւ քաղաքական համաձայնությունների գալ Սերժ Սարգսյանի թիկունքում: Մամուլի հրապարակումներում նշվում է, որ ԱԱԾ գաղտնալսումներով զբաղվող համապատասխան բաժնի ղեկավարն արդեն երկու ամիս է գտնվում է կալանավայրում, եւ որ դրա հետ է կապված Հրաչյա Հարությունյանի` Կրակեմ Հրաչի ազատվելը ԱԱԾ պետի առաջին տեղակալի պաշտոնից:
Ընդհանրապես, իրավապահ համակարգը ցանկացած երկրի կյանքում ունի առանցքային նշանակություն: Իսկ Հայաստանում` առավել եւս: Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանության ձեւավորման եւ կառուցվածքի բնույթն իսկ երկրի կյանքում չափազանց մեծացնում է իրավապահների դերը: Այս կառույցները կոչված են պահպանել ոչ թե Սահմանադրության գերակայությունը, այլ` ձեւավորված քաղաքական-բիզնես համակարգը հասարակության օրինական պահանջներից: Հայաստանում իշխանությունը ձեւավորվում է ոչ թե ընտրական մեխանիզմով, այլ որոշակի պայմանավորվածությունների հիման վրա, որոնք վերաբերում են երկրի քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտները բաժանելուն: Հենց այս պայմանավորվածություններն է պաշտպանում իրավապահ համակարգը: Եւ, ըստ այդմ, իշխանության համար չափազանց էական է դառնում այս ոլորտում վերահսկողություն ունենալը:
Սերժ Սարգսյանը պաշտոնին անցնելուց ի վեր, երկու տարուց ավելի, չի կարողանում ձեւավորել սեփական համակարգը: Նախկին պայմանավորվածությունները տարբեր պատճառներով ներկայում չեն գործում, փոխարենը չկան նոր պայմանավորվածություններ: Հենց սա էլ դարձել է իրավապահ համակարգում “ցնցումների” պատճառ: Կարելի է հիշել ուժային կառույցների միջեւ պարբերաբար առաջացող հակամարտությունները, նույն համակարգում տարբեր խմբավորումների միջեւ արդեն անթաքույց բախումները եւ այլն: Ուժայինների այս “շփոթվածությունը” գալիս է նրանից, որ նրանք ներկայում չեն հասկանում` ով է իրենց տերը, որն է իրենց դերը, եւ որ օրենքը պետք է պաշտպանեն:
Բնական է, որ Սերժ Սարգսյանն իր սեփական համակարգը կառուցելու ճանապարհին նախ պետք է լուծի իրավապահ համակարգի վերահսկողության խնդիրը: Թվում է, թե դրանում բարդ բան չկա` Սերժ Սարգսյանը պարզապես կարող է օգտագործել իր սահմանադրական իրավունքները եւ պարզապես պաշտոնանկ անել ուժայինների “անցանկալի” կադրերին, մանավանդ որ հասարակությունն էլ կծափահարի այդ քայլերը: Սակայն, իրավիճակն ավելի բարդ է, եւ դա գալիս է հենց վերն ասվածից` Հայաստանում իշխանությունը չի ձեւավորվում Սահմանադրության նախատեսած մեխանիզմներով, եւ երկրում գործում է այլ “օրենք”` տարբեր խմբերի միջեւ հակասահմանադրական պայմանավորվածությունների “օրենքը”: Հենց այս հանգամանքն էլ Սերժ Սարգսյանին հնարավորություն չի տալիս գնալ պարզ, սահմանադրական լիազորություններն իրականացնելու ճանապարհով: Մանավանդ որ, նախագահական ընտրությանը իրավապահ համակարգը Սերժ Սարգսյանի համար գործել է իր ողջ “շքեղությամբ”:
Դժվար է ասել, արդյոք այս ամենը կհանգեցնի նրան, որ իրավապահները վերադառնան իրենց բուն կոչմանը` երկրում օրինականությունն ապահովելը: Համենայնդեպս, հասարակության համար ներկայում որոշակի հնարավորություն է առաջացել փորձել երկրի կյանքում արմատավորել սեփական օրինական պահանջներն ու իրավունքները:
ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
Monday, June 14, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment