Friday, June 25, 2010

Իրանի դեսպանանատունը հերքում է Ադրբեջանի սահմանին զորքեր տեղակայելու լուրը

«7օր»-ը հարցում է արել Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը՝ ճշտելու համար՝ իրականությանը համապատախանո՞ւմ են այն տեղեկությունները, թե Իրանը ռազմական դրություն է հայտարարել և Ադրբեջանի սահմանին զորքեր է տեղակայում։ Իրանի դեսպանատունը հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ դա բացարձակապես սուտ է։ Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալությունը, հղում կատարելով «DEBKA» իսրայելական վերլուծական կենտրոնին, տեղեկացրել էր, թե Իրանը բացառիկ որոշում է կայացրել և իր հյուսիս-արևմտյան սահմաններում ռազմական դրություն է հայտարարել։ Աղբյուրը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի և իսրայելական ուժերը կենտրոնացված են Ադրբեջանի օդային բազաներում՝ պատրաստ հարված հասցնելու իրանական միջուկային օբյեկտներին։ Իրանցի գեներալ, հրամանատար Մեհդի Մոինին էլ հայտարարել է, թե արևմտյան որոշակի երկրներ փորձում են էթնիկական հակամարտություն հրահրել Իրանի Արևմտյան Ադրբեջան գավառում և ապակայունացնել տարածաշրջանի իրավիճակը։ Իրանական մեկ այլ աղբյուր էլ նշել է, որ վերջին մի քանի օրերին Իսրայելը Վրաստանով մեծաքանակ ռմբակոծիչներ է տեղափոխել և տեղակայել Ադրբեջանական բազաներում, իսկ ամերիկացի մասնագետներն իրենց հատուկ ուժերն են կենտրոնացրել Ադրբեջանում և պատրաստ են հարված հասցնել Իրանին։ Ադրբեջանն այս տեղեկությունները դեռևս չի մեկնաբանել։

No comments: