Friday, June 25, 2010

Ալիևն ադրբեջանական զինված ուժերին կոչ է արել ամեն րոպե պատրաստ լինել «հայրենի» հողերի ազատագրմանը

Tert.am. 25-6-2010- Ադրբեջանի զինված ուժերը պետք է ամեն պահի պատրաստ լինեն գերագույն գլխավոր հրամանատարի հրամանով ազատագրել հայրենի հողերը: Այս մասին, APA-ի փոխանցմամբ, ադրբեջանական զորքերի անցկացրած լայնամասշտաբ զորավարժությունից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Երկար ժամանակ մենք տառապում ենք ագրեսիայից, մեր հողերը բռնազավթված են: Մենք պետք է ամեն պահի պատրաստ լինենք ազատագրել հողերը զավթիչներից: Իսկ դրա համար քաղաքական և դիվանագիտական ջանքերի հետ մեկտեղ մենք պետք է ունենանք նաև հզոր բանակ, և այդ գործընթացը հաջող ընթանում է: Այսօր ադրբեջանական բանակի մակարդակը շատ բարձր է»,- հայտարարել է Ալիևը` ավելացնելով, որ վերջին յոթ տարիների ընթացքում Ադրբեջանի ռազմական ծախսերն ավելացել են 13 անգամ և կազմում են 2 միլիարդ 150 միլիոն դոլար, ինչը գերազանցում է Հայաստանի պետական բյուջեն: «Տարիներ առաջ մեր առջև խնդիր դրեցինք, որ Ադրբեջանի ռազմական ծախսերը պետք է գերազանցեն Հայաստանի բոլոր ծախսերը: Այդ նպատակն արդեն իրականացված է: Հետագայում մենք նույնպես շարունակելու ենք հզորացնել մեր բանակը` այդ նպատակով գնելով բոլոր անհրաժեշտ սպառազինությունները»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Ալիևը, խոսելով Ադրբեջանի առջև դրված հիմնական նպատակների մասին, հայտարարել է, որ դրանցից ամենագլխավորը «ադրբեջանական տարածքների ազատագրումն է»: «Ինչպես հայտնի է, Հայաստանի և Ադրբեջանի միջև տարիներ շարունակ այդ ուղղությամբ ընթանում են բանակցություններ, որոնցում իրենց դերն ունեն միջնորդները: Սակայն խնդիրը մինչև օրս լուծված չէ: Միևնույն ժամանակ, կան առաջատար միջազգային կազմակերպությունների` հարցի առնչությամբ ընդունված և մեր դիրքերն ամրապնդող որոշումներ և բանաձևեր»,– ասել է Ալիևը՝ նշելով, որ դրանք չի ընդունում Հայաստանը։ Իսկ այս դեպքում Ադրբեջանի առջև ծառանում են նոր խնդիրներ` կա՛մ շարունակել բանակցությունները, որոնց մենք պատրաստ ենք, պայմանով, որ այդ բանակցությունները կունենան արդյունք, կա՛մ ընտրել այլ ճանապարհ: Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակի»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Հատուկ ընդգծելով, որ Ադրբեջանը երբեք էլ չի բացառել խնդրի` ռազմական ճանապարհով լուծման հնարավորությունը, Ալիևը հայտարարել է. «Խաղաղ բանակցությունները շարունակվում են արդեն 20 տարի, և Ադրբեջանն այդ բանակցություններում ցուցադրում է շատ կառուցողական մոտեցում: Սակայն ոչ մի արդյունք էլ չկա: Մինչև ե՞րբ պետք է սպասի Ադրբեջանի ժողովուրդը: Մինչև ե՞րբ մենք պետք է սպասենք արդարության վերականգնմանը: Ադրբեջանի ժողովրդի համբերությունն անսահման չէ»:

No comments: