Friday, June 25, 2010

ԱԼԻԵՎԸ ԱՌԻԹ Է ՏԱԼԻՍ

«Լրագիր» 25-6-2010- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մասնակցել է այդ երկրի զինուժի 92-ամյակին նվիրված զորավարժությանը եւ ելույթ ունեցել զինծառայողների առջեւ: Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը նշել է իր ղեկավարությամբ երկրի տնտեսական եւ ռազմական ոլորտներում հաջողությունների մասին: Նա նշել է, թե ներկայում Ադրբեջանի ռազմական բյուջեն կազմում է 2,150 միլիոն դոլար, ինչն ավելի է Հայաստանի բյուջեից: Նրա խոսքով, ադրբեջանական բանակը տարեց տարի ավելի է ուժեղանում եւ հագենում ժամանակակից միջոցներով: Մենք հետայսու էլ պետք է մեծացնենք ռազմական կարողությունը, ասել է Ալիեւը: Խոսելով Ադրբեջանի հաջողությունների մասին, նա ասել է, թե կարեւորագույն խնդիրը հողերի ազատագրումն է: Նա ասել է, թե Հայաստանն անտեսում է միջազգային հանրության ջանքերը` լուծելու Ղարաբաղի խնդիրը: Եւ այս պայմաններում “Ադրբեջանի առջեւ նոր խնդիրներ են առաջանում` կամ շարունակել բանակցությունը, եւ մենք պատրաստ ենք դրան, սակայն պայմանով` որ այն արդյունք պետք է ունենա, կամ էլ ընտրել այլ ճանապարհ: …Մենք երբեք չենք ժխտել ռազմական լուծման ճանապարհը: Խաղաղ բանակցությունը շարունակվում է մոտ 20 տարի, սակայն ոչ մի արդյունք չկա: Ադրբեջանի ժողովրդի համբերությունն անսահման չէ”, ասել է Ալիեւը: Նա կրկին նշել է, որ իրենց խնդիրն ամեն գնով երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելն է, եւ զինված ուժերն ամեն պահի պետք է պատրաստ լինեն կատարել գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը: Ալիեւն ասել է, թե իրենք աչք չեն դնում ուրիշների տարածքի վրա, թեեւ Հայաստանը ստեղծվել է ադրբեջանական հողերի վրա: Նա նշել է, թե Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական հնարավորությունների տեսակետից անդունդ է, որը ժամանակի ընթացքում խորանալու է, եւ Ադրբեջանը պետք է մոբիլիզացնի իր բոլոր ռեսուրսներ: Ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա դա ադրբեջանական հող է, ասել է Ալիեւը: Նրա խոսքով, կա Խանքենդի, իսկ Ստեփանակերտ չկա, այդ անունը վերցվել է բոլշեւիկ եւ բանդիտ Ստեփան Շահումյանից: Նրա խոսքով, հայերը ղարաբաղում սկսել են բնակվել 19-րդ դարից, եւ ԽՍՀՄ փլուզման նախօրեին մեծամասնություն են եղել: Սակայն մենք կվերադառնանք այնտեղ, եւ պետք է պատրաստ լինենք ցանկացած տարբերակի, ասել է Ալիեւը:

No comments: