Saturday, June 26, 2010

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ «ՔՆԵՑ» ՄԻՆՉԵՎ ԱՇՈՒՆ

«ԱԶԳ», 26-06-2010- ԵԽԽՎ ներկայիս նախագահ Մովլութ Չավուշօղլուն ամենայն ջանք գործադրում է ադրբեջանա-թուրքական համագործակցությամբ ու թերեւս դրա ազդեցության տակ գործելու հեռանկարով վերականգնելու ԼՂ հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքները: Սակայն այս նստաշրջանում էլ, ԵԽԽՎ պաշտոնական տեղեկատվության համաձայն, այդ հարցին լուծում չտրվեց: «Ազգը» տեղեկացրել է, որ հայաստանյան եւ ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչները հանդիպում էին ունեցել ԵԽԽՎ նախագահ Չավուշօղլուի հետ այդ ենթահանձնաժողովի աշխատանքների վերականգնման հարցը քննարկելու նպատակով: Դրանից հետո վեհաժողովի բյուրոյին Չավուշօղլուն պետք է ներկայացնի հանդիպման արդյունքները, որպեսզի բյուրոն անցնի ենթահանձնաժողովի առնչությամբ հարցի քննարկմանը: Հայաստանի պատվիրակությունը դեմ է, մինչդեռ ադրբեջանցիները թուրքերի հետ աշխատում են կենդանություն հաղորդել ենթահանձնաժողովին: Ամեն դեպքում, վեհաժողովի բյուրոն մինչեւ աշուն հետաձգել է Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելու հարցի քննարկումը:

No comments: