«Լրագիր» 22-6-2010- Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ համագործակցության բազմակողմ ձեւաչափերի հնարավորություններն իրացնելուն առնչվող հարցեր: Սերժ Սարգսյանը նշել է, որ բարձր մակարդակի երկկողմ հանդիպումներն առաջ են մղում քաղաքական երկխոսությունը եւ հնարավորություն ընձեռում խորացնելու Գերմանիայի հետ համագործակցությունը բոլոր ոլորտներում: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը հայ-գերմանական համագործակցությունը դիտարկում է նաև որպես կարևոր բաղադրիչ եվրաինտեգրման գործընթացում: Կողմերն անդրադարձել են առեւտրատնտեսական կապերի զարգացմանը` նշելով, որ Հայաստանում մոտ ութ տասնյակ գերմանական կապիտալով ընկերությունների առկայությունը լավ հիմք է` ընդլայնելու համագործակցությունը ներդրումային ոլորտում: Խոսվել է նաեւ Գերմանիայի կառավարության կողմից Հայաստանին հատկացվող ֆինանսական եւ տեխնիկական աջակցության մասին: Սերժ Սարգսյանն ասել է, որ Հայաստանի հետ համագործակցող դոնոր երկրների շարքում Գերմանիան երկրորդն է աջակցության ծրագրերի ծավալով, եւ որ այդ ծրագրերն էական նշանակություն ունեն մեր տնտեսության եւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների առումով: Սարգսյանն ու Մերկելը քննարկել են նաեւ հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրները: Սերժ Սարգսյանը ողջունել է Գերմանիայի հավասարակշիռ քաղաքականությունը տարածաշրջանում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` Սարգսյանը մտահոգիչ է համարել, որ Ադրբեջանը չի խորշում անընդհատ բարձրաձայնել այն ռազմական ճանապարհով լուծելու անթաքույց նկրտումների մասին, այդպիսով վտանգելով ոչ միայն հայ-ադրբեջանական բանակցությունները, այլև տարածաշրջանային կայունությունն ընդհանրապես: Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` նա ափսոսանք է հայտնել, որ հարաբերությունների կարգավորմանն ու Եվրոպայում վերջին փակ սահմանի բացմանն ուղղված Հայաստանի եւ միջազգային հանրության ջանքերը մնացին անարդյունք Թուրքիայի` գործընթացն այլ նպատակներով օգտագործելու եւ բանակցությունների համաձայնեցված սկզբունքներից հրաժարվելու պատճառով: Կողմերը կարեւորել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում առանց նախապայմանների առաջ շարժվելու, իսկ Լեռնային Ղարաբաղի խնդրում` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը եւ կանցլեր Անգելա Մերկելը հանդես են եկել մամուլի կարճատեւ ասուլիսով, ասվում է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Tuesday, June 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment