Tuesday, June 15, 2010

«ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՁԳՏՈՂ ԻՍԼԱՄԻՍՏ ԹՈՒՐՔԵՐԸ

«ԱԶԳ», 15-06-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օրերս հայտարարեց, որ իր երկրի եվրոինտեգրման քաղաքականությունը չի փոխվել, որ Անկարան շարունակելու է ձգտել ընդգրկվել միասնական Եվրոպայի մեջ: «Մենք ԵՄ-ին դիմել ենք 1959-ին, 1963-ին մեր դիմումը պաշտոնապես ամրագրվեց, եւ այդ օրվանից մենք սպասում ենք: Ես եվրոպացի քաղաքական գործիչներին պարզ հարց եմ տալիս. եթե դուք Եվրոմիությունը քրիստոնեական ակումբ չեք համարում, ապա պարտավոր եք մեզ ձեր շարքերն ընդգրկել: Իսկ նրանք պատասխանում եմ, որ Թուրքիան մեծ երկիր է, մեր բնակչությունը մեծ է, եւ նրանք վախենում են, որ մենք կդառնանք ԵՄ-ի երեք գլխավոր երկրներից մեկը», հայտարարել է Էրդողանը: Էրդողանը չի նշել, որ Եվրոմիության գլխավոր երկրները ոչ այնքան վախենում են Թուրքիայի մեծությունից, որքան թուրք միգրատների թվի աճից, որոնք, եթե Անկարան միանա Եվրոպային, արդեն անարգել կմեկնեն որտեղ ցանկանում են` հաշվի առնելով նաեւ այլ երկրների շատ ավելի բարվոք վիճակը, քան Թուրքիայում է: Բացի այդ, ինչպե՞ս է պատկերացնում Թուրքիայի վարչապետը անդամակցությունը մի կառույցի, որի լիիրավ անդամ է Կիպրոսը, որին Անկարան տասնյակ տարիներ շրջափակում է: Հետաքրքրական է նաեւ, որ Թուրքիան ցանկանում է անդամագրվել «քրիստոնեական ակումբին», իսկ միեւնույն ժամանակ ձգտում է դառնալ մահմեդական արեւելքի առաջնորդը` մասնավորապես մերձանալով նույն Եվրոպայի թշնամի Իրանի հետ: Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը Թուրքիայի այս «հայացքափոխության» մեջ մեղադրեց հենց Եվրոպային` «Անկարայի առջեւ դռներն ամուր փակելու համար»: Ստացվում է, որ, ըստ Արեւմուտքի, թուրքական այս շրջադարձի պատճառը մերժվածությունն է Եվրոպայից: Այս պնդմանը, սակայն, վարչապետ Էրդողանը շտապեց հակադրվել` նշելով, որ Թուրքիան շարունակում է իր տեսադաշտում պահել Արեւմուտքի, մասնավորապես Եվրոպայի հետ ինտեգրումը: Եթե իրոք հավատանք Էրդողանին, ապա ինչո՞ւ է Անկարան հանկարծ «տարածվում» մահմեդական աշխարհում, ինչո՞ւ հանկարծ հիշեց Պաղեստինին, մի երկրի, որի իրավուքներն անտեսում էր ոչ վաղ անցյալում, երբ բարեկամություն էր անում Թել-Ավիվի հետ: «Ազատության նավատորմի» հետ կապված հայտնի դեպքերը փաստորեն հիմք դարձավ Անկարայի համար ոչ պաշտոնապես բարձրաձայնելու, որ ինքը Արեւելքի հետ է: Թուրքիան, կրկին ոչ պաշտոնապես «սպառնում է» Եվրոպային` դառնալ մահեդականության դրոշակակիրը, իսկ վերջինս արդեն իսկ լուրջ խնդիրներ առաջացնում է «քրիստոնեական ակումբում»: Սակայն թուրքական երկերեսայնությունը նկատվում է նաեւ մահմեդական աշխարհում: Մասնավորապես Իրանում ոչ այնքան վստահությամբ են լսում ոչ վաղ անցյալում ընդդիմախոս, այժմ բարեկամության երդումներ տվող Անկարայի ձայնը: Իրանցի հայտնի իրավապաշտպան, դոկտոր Արաշ Իրանդուստը օրեր առաջ հրապարակել է բաց նամակ` ուղղված Թուրքիայի ժողովրդին: Նամակում ասված է. «Այն բանից հետո, երբ դուք որոշեցիք Աթաթուրքի աշխարհիկությունը փոխել Էրդողանի իսլամիզմով, դուք միեւնույն ժամանակ որոշեցիք, որ հրաժարվում եք ոչ մահմեդականների հետ խաղաղ համակեցությունից: Բայց դա ձեր գործն է, եթե ցանկանում եք թույլ տալ էժանագին կոստյումով մի հրեշի ավերել թուրքական ազգայնականությունը, որ դուք կարողանաք խոսել գողացված երկրի մասին, ձեր երկրի, որը` Կիպրոսից մինչեւ Ստամբուլ, գողացված է, դա ձեր գործն է, բայց երբ ներթափանցում եք ահաբեկչական կազմակերպությունների ոլորտ, որոնք հարձակվում, բռնաբարում ու սպանում են մեր կանանց ու քույրերին, դա արդեն մեր գործն է: Եվ երբ ձեր երկիրը հետապնդում է իր քուրդ, ասորի եւ հայ քաղաքացիներին, իրանցի փախստականներին վերաբերվում է որպես երրորդ կարգի մարդկանց ու դեռ դատապարտում է Իրանի «հանցավոր ռեժիմը», պետք է հիշի, որ մենք կեղծիքն ու սխալները չենք ներելու»: Անդրադառնալով Թուրքիայի` դեպի Արեւելք շրջադարձին, Իրանդուստը գրում է. «Դուք ասում եք, որ նավատորմի վրա հարձակման համար պետք է միջազգային քննություն տարվի՞: Անշուշտ, բայց ճիշտ այն բանից հետո, երբ միջազգային հետաքննություն կտարվի Հայոց ցեղասպանության հարցով: Ես վստահ եմ, որ դուք` որպես մարդու իրավունքների պաշտպանության նորաթուխ «առաջամարտիկներ», գտնում եք, որ արդարացի կլինի, որ Թուրքիան սեփական մաշկի վրա զգա այն ամենը, ինչը պահանջում է մյուսներից: Այնուհետեւ մենք կարող ենք անդրադառնալ նաեւ ձեր բանտերում գտնվող 10 հազար քաղբանտարկյալների խնդրին: Անկախ հետաքննությունը կարող է անդրադառնալ քաղաքական գործիչներին կտտանքների ենթարկելու եւ սպանելու բազմաթիվ փաստերին, ինչպիսին Էնգին Շեբերի դեպքն էր»: Իրանցի դոկտորը այնուհետեւ զուգահեռներ է տանում Իսրայելի եւ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների միջեւ. «Իսրայելում արաբները օրենքով ճանաչվել են որպես փոքրամասնություն: Արաբերենը դասավանդվում է դպրոցներում եւ օգտագործվում է` որպես օրենքով ճանաչված լեզու: Մինչդեռ քրդական ինքնությունն օրենքով արգելված է Թուրքիայում, քրդական երգերը, անունները ռեպրեսիաների հիմք են դարձել: Դուք խոսում եք պաղեստինցի երեխաների մասին, գուցե մենք էլ խոսենք քարեր նետելու համար ձերբակալված քուրդ երեխաների մասին, որոնց դուք ձերբակալել եք` ահաբեկչություն իրականացնելու մեղադրանքով: Դուք խոսում ենք բռնազավթված հողերի մասին, այն պարագայում, երբ ձեր ողջ երկիրն է բռնազավթված: Ձեր ռեժիմն ապօրինի ռասիստական էություն է` հիմնված հայերի, քրդերի, ասորիների, իրանցիների ու շատ շատերի բռնի տեղահանման վրա: Դուք անցել եք իմպերիալիզմի, ֆաշիզմի, իսլամիզմի միջով, որոնք կասկածելի ձեռքբերումներ են ցանկացած երկրի համար: Ձեր պատմությունը լի է ստրկության կիրառմամբ, էթնիկական զտումների, ցեղասպանությունների ու բռնազավթումների իրականացմամբ: Եվ այս ամենը միայն անցած մեկ դարում: Այժմ, եթե դուք ողջամտություն կամ ամոթ ունենայիք, փոխանակ իրանցիներին ու իսրայելցիներին մեղադրելու (որոնք ձեզանից հազարամյակներով ավելի պատմություն ունեն), փոս կփորեիք, կպառկեիք այնտեղ` հուսալով, որ ոչ ոք ձեր ներկայությամբ չի արտաբերի «փոքրամասնությունների իրավունք» կամ «տարածքային իրավուքներ» բառակապակցությունները»: Դոկտոր Իրանդուստը խոսել է նաեւ Հայաստանի շրջափակման փաստի մասին` նշելով. «Իհարկե, մենք բոլորս գիտենք, թե որքան շատ եք մտածում Պաղեստինի շրջափակման մասին, դուք` որ արդեն 16 տարի շրջափակել եք Հայաստանը, դուք, որ` հակառակ միջազգային հանրության պահանջներին, շարունակում եք շրջափակման մեջ պահել Կիպրոսի հյուսիսային մասը: Ցանկանում եմ զգուշացնել ձեզ` կայսրությունը վերականգնելու եւ իսլամական խալիֆայությունը ստեղծելու ձեր հավակնությունները, նեոօսմանիզմի քաղաքականությունն ի վերջո լցնելու են առաջատար երկրների` Ռուսաստանի, միասնական Եվրոպայի ու ԱՄՆ-ի համբերության բաժակը», եզրափակում է իրանցի իրավապաշտպան դոկտորը: Ի՞նչ է ստացվում` «իսլամիստական դեմքերով», նեոօսմանիզմին հարություն տված թուրքերի առջեւ Եվրոպան «ամուր փակել է դռները», սակայն նրանց չեն սպասում նաեւ մահմեդական արեւելքի վերնախավում` նրանց ամբողջ երկիրը գողացված է` Կիպրոսից մինչեւ Ստամբուլ: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: