Panorama.am. 22-6-2010- Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի քաղաքական ղեկավարության հետ հանդիպումներն ավարտվել են Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերտի հետ հանդիպմամբ: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից:
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը համակարծիք են եղել, որ խորհրդարանական դիվանագիտությունը, որպես երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունն առաջ մղելու կարևոր լծակ, պետք է լավագույնս կիրառել` ի շահ երկու ժողովուրդների:
Նախագահ Սարգսյանը նշել է, որ Բունդեսթագը միշտ էլ ընդգծված հետաքրքրություն է ցուցաբերել հարավկովկասյան տարածաշրջանի նկատմամբ, ինչի մասին է վկայում Հայաստան և Հարավային Կովկասի այլ երկրներ գերմանական խորհրդարանական պատվիրակությունների այցելությունների հաճախականությունը: ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը շահագրգիռ է ակտիվացնելու միջխորհրդարանական փոխգործակցությունը նաև բազմակողմ ձևաչափերով, մասնավորապես` եվրոպական և եվրաատլանտյան կառույցների խորհրդարանական մարմինների շրջանակներում:
Կողմերը հույս են հայտնել, որ Բունդեսթագի նորակազմ «Կովկաս» բարեկամական խմբի և Հայաստանի խորհրդարանի միջև համագործակցությունը կծավալվի նույն արդյունավետությամբ` շարունակելով նախորդ տարիների ավանդույթը:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանի երկրների եվրաինտեգրման գործընթացներին, Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Բունդեսթագի նախագահը կարևորել է այդ երկրների` Եվրամիության հետ սերտ գործակցության ձգտումը, իսկ ԵՄ-ին անդամակցել ցանկացող Թուրքիայի վերաբերյալ նշել, որ Եվրամիության անդամ դառնալու համար Թուրքիան պետք է ընդունի եվրոպական չափանիշները:
Wednesday, June 23, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment