Monday, June 7, 2010

ՌՈւՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ԴԵՌ ՉԻ ՏԵՍՆՈՒՄ ԼՂ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԼՈւԾՈւՄԸ

Report.am. 7-6-2010- Ռուսաստանի «Պրավոյե դելո» կուսակցության համանախագահ Լեոնիդ Գոզմանը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին, որում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին, ինչպես նաև Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման հետ կապված իրավիճակին: «Ըստ իս՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տեսանելի ապագայում չի ունենա լուծում, քանի որ չկա լուծման այնպիսի բանաձև, որը ձեռնտու կլինի երկու կողմերին: Այն, ինչ ձեռնտու է Բաքվին, ձեռնտու չէ Երևանին և հակառակը: Խոսելով հակամարտող կողմերից յուրաքանչյուրի մասին, հարկ եմ համարում նշել, որ Մոսկվայի և Երևանի հարաբերությունները բավականաչափ ամուր են: Ռուսաստանը և Հայաստանը գործընկերներ են, դաշնակիցներ: Այդ հարաբերությունները շարունակվում են բավականին երկար, և կարծում եմ մոտակա ժամանակում կտրուկ փոփոխություններ չեն լինի»,- ասել է Գոզմանը: Ռուս ազդեցիկ քաղաքական գործիչը պատասխանել է նաև Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը վերաբերող հարցին: «Պետք չէ մոռանալ, որ Հայաստանը մոնոէթնիկ պետություն է, ուր բնակչության, եթե չեմ սխալվում, 98%ը կազմում են էթնիկ հայերը: Այն աշխարհում ամենա մոնոէթնիկ պետություններից մեկն է, գուցե ամենա մոնոէթնիկը»,- նկատել է Գոզմանը և բնական համարել սույն խնդրի հանդեպ Հայաստանում բարձրացած հակազդեցության ալիքը: «Պրավոյե դելո» կուսակցության համանախագահը նաև կարծիք է հայտնել թուրք-իսրայելական վերջին զարգացումների վերաբերյալ: «Կարծում եմ իմ կարծիքը ոչ ոքի չի զարմացնի, եթե ես ասեմ, որ Իսրայելը իրավունք ունի պաշտպանելու իր պետությունը բոլոր հնարավոր ոտնձգություններից»,-ասել է նա:

No comments: