Monday, June 28, 2010

Ալեքսեյ Վլասով. «Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը բացառել հիմա հնարավոր չէ»

-Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը բացառել հիմա հնարավոր չէ, որովհետև այնտեղ շատ մեծ է լարվածությունը, որը կուտակվել է այդ տարիների ընթացքում,-մեկնաբանելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ՝ «Комсомольская правда» թերթին ասել է Հետխորհրդային տարածաշրջանում հասարակական-քաղաքական գործընթացների հետազոտման կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը։ Նա նշել է, որ Մոսկվայից և Անկարայից շատ բան է կախված լինելու, և նրանք պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը նորից չբռնկվի։ -Վերջին 1,5 տարվա ընթացքում շատ էին տեղեկատվական հոսքերը, թե բանակցությունների հետևանքով իրական տեղաշարժեր կսկսվեն, և Ադրբեջանին կվերադարձվեն մի քանի շրջաններ։ Սակայն ոչ մի նման բան տեղի չունեցավ։ Այստեղից էլ հետևում են Ադրբեջանի հայտարարույթուններն այն մասին, որ եթե բանակցությունները ոչինչ չտան, ապա հարցը կլուծվի ուժային տարբերակով։ Շատ հավանական է, որ կան նաև հակամարտությամբ հետաքրքրված երրորդ ուժեր, որովհետև պատերազմը միաժամանակ կասպիականում տիրող իրավիճակի պայթյուն է, որը կփոխի գործարար-տնտեսական ցուցանիշները, և դրանից օգուտ քաղողների թիվը, կարծում եմ, քիչ չի լինի։ Այստեղ շատ բան կախված կլինի Մոսկվայից և Անկարայից, որոնք պետք է գործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի հակամարտությունը նորից չբռնկվի։ Պատերազմը Մոսկվայի համար ծայրահեղ ոչձեռնտու սցենար է։ Հիմա մենք փորձում ենք հավասարակշռություն ստեղծել Երևանի և Բաքվի միջև։ Հայաստանը մեր դաշնակիցն է, իսկ Ադրբեջանը մեր գործընկերն է, ում հետ մենք բավական դինամիկ երկխոսություն ենք զարգացնում, այդ թվում՝ նաև էներգետիկ ոլորտում,-ասել է Վլասովը։ Ըստ «Bakililar.az»-ի

No comments: