Thursday, June 10, 2010

Գ.Մինասյան. «Ռեգնումի» տեղեկանքից նավթադոլարների հոտ է փչում

ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադարձավ «Ռեգնում» ռուսաստանյան գործակալության վերջերս հրապարակած տեղեկանքին, որը բնութագրում է 2009-ին Հայաստանի սոցիալ-քաղաքական իրավիճակը: Մասնավորապես` տեղեկանքում նախազգուշացումներ կան պատերազմի հնարավոր վերսկսման, բանակի` Լ. Տեր-Պետրոսյանի կողմն անցնելու, հանրապետության գործող նախագահի կողմից իշխանության Աբրահամյան-Ծառուկյան զույգին հանձնելու, հակառուսական տրամադրությունների ակտիվացման մասին: «Դա հիմարություն է, այդպիսի բան չի լինելու: Այդ ինֆորմացիայի մեջ անթաքույց երևում է մեկի ձեռագիրը, ով չի պատկերացնում, որ Հայաստանը կարող է վարել ինքնուրույն արտաքին քաղաքականություն»,- ասաց նա և նկատեց, որ ինֆորմացիան մեկ ու կես տարվա հնություն ունի: «Խորհուրդ կտայի չկարդալ նման հոդվածներ, քանի որ դրանք իրենց մեջ որևէ լուրջ վերլուծություն չեն պարունակում: Կան հատվածներ, որոնք ուղղակի զարմանք են առաջացնում: Օրինակ` այնտեղ կա ձևակերպում, որ Հայաստանն իր կեցվածքով հրահրում է Ադրբեջանին ԼՂ խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Այս հոդվածից ուղղակի նավթադոլարների հոտ է փչում», - եզրափակեց Գ.Մինասյանը:

No comments: