Saturday, June 26, 2010

«ՄԵՍԽԵԹՑԻՆԵՐ» ՆԱԽԱԳԾԻ ԱՋԱՐԱԿԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ

«ԱԶԳ», 26-06-2010- Վրացական իշխանությունները վերսկսել են Ջավախքում աջար էկոմիգրանտների վերաբնակեցման գործընթացը: Ինչպես տեղեկացնում է հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների «Երկիր» միությունը, վրացական մամուլը փոխանցում է, որ Աջարիայի` սողանքներից տուժած Խուլո երկրամասից 14 ընտանիքներին վերջերս նոր բնակելի տներ են հատկացվել հայաբնակ Նինոծմինդայի (նախկին Բոգդանովկա) շրջանի Գորելովկա գյուղում: Ներկայումս Գորելովկայում արդեն իսկ ապրում է Աջարիայի բարձրլեռնային շրջաններից վերաբնակեցված 50 ընտանիք: «Վրաստանի հայաբնակ շրջաններում աջարների վերաբնակեցման գործընթացը Ջավախքի էթնո-ժողովրդագրական պատկերի փոփոխմանն ուղղված ակնհայտ քայլ է: Տվյալ գործընթացն ուղղակիորեն հակասում է Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիայի 16-րդ հոդվածին (Վրաստանի կողմից վավերացվել է 2005թ. դեկտեմբերի 22-ին), համաձայն որի մասնակից-պետությունը պետք է ձեռնպահ մնա այնպիսի միջոցներից, որոնք փոխում են բնակչության կառուցվածքային կազմը այն տարածքներում, որոնք բնակեցված են ազգային փոքրամասնությունների պատկանող անձանցով, եւ նպատակ ունեն սահմանափակել շրջանակային կոնվենցիայի սկզբունքներից բխող իրավունքները եւ ազատությունները», նշված է միության հայտարարության մեջ: «Երկիր» միությունը Հայաստանի իշխանություններին, համապատասխան միջազգային կառույցներին եւ Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին կոչ է անում «անհապաղ արձագանքել վրաց իշխանությունների կողմից ջավախահայության իրավունքների կոպիտ ոտնահարման այս նոր փաստին եւ գործուն միջոցներ ձեռնարկել հայաբնակ շրջաններ աջարների վերաբնակեցման գործընթացը կասեցնելու ուղղությամբ»:

No comments: