Saturday, June 26, 2010

Պետերբուրգյան սկզբունքներ Մադրիդյանի փոխարե՞ն

Tert.am. 25-6-2010- «Մինչև հիմա ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանն ուղղված հայտարարությունները, փաստաթղթերը, միշտ թվում էր, թե իմիտացիոն գործողություններ են, խաղեր են, բայց վերջին զարգացումները, պետերբուրգյան առաջարկներն ու Ադրբեջանի ռեակցիան դրանց, ստիպում են մտածել, որ լուրջ զարգացումներ են նախապատրաստվում»,– լրագրողների հետ հանդիպմանն այսօր ասաց ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ այս փուլում մեր դիվանագիտությունը պետք է շատ հստակ գործի և թույլ չտա որևէ թեկուզ փոքրիկ զիջում Ադրբեջանին։ Ըստ նրա, այսօր Հայաստանը կարողացել է հասնել նրան, որ ղարաբաղյան խնդրում Մադրիդյան սկզբունքների հիման վրա ստեղծվել են պետերբուրգյան առաջարկները, որոնք, պատմաբանի խոսքով, նպաստավոր են Հայաստանի համար և հնարավորություն են տալիս բանակցային գործընթացը հետագայում մեզ համար ավելի դրական ուղիով տանել։ Փաստորեն, Սաֆրաստյանի խոսքով, բանակցային գործընթացում ի հայտ է եկել նոր փաստաթուղթ` պետերբուրգյան սկզբունքները, որոնք քննարկել և ընդունել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները։ Հենց պետերբուրգյան առաջարկությունները, նրա կարծիքով. հիմք կհանդիսանան առաջիկա մի քանի տարիների ընթացքում նոր բանակցային գործընթացի համար: «2007թ. ընդունված մադրիդյան սկզբունքներից բացի, որոնք երկու կողմերն էլ ընդունել են ու որը հիմք է հանդիսացել բանակցային գործընթացի համար, կա նաև երկրորդ փաստաթուղթը` պետերբուրգյան առաջարկությունները, որը կողմերն ընդունել են որպես հիմք` շարունակելու բանակցային գործընթացը: Այսինքն, ստացվում է, որ գործ ունենք երկու փաստաթղթի հետ, բայց վերջինն է հանդիսանում բանակցությունների իրական հիմք»: Պատմաբանը նաև կարծիք հայտնեց, որ նոր առաջարկությունները նպաստավոր են հայկական կողմի համար, ինչի մաին է վկայում փաստը, որ «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այժմ գտնվում է ԼՂՀ-ում ու այնտեղի ղեկավարությանն է ներկայացնում դրանք»: Պատմաբանը ենթադրում է, որ այդ առաջարկություններում առաջնային կարգավիճակ են ստացել երկու կարևոր սկզբունք` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքները։ Սաֆրաստյանի համոզմամբ՝ այդ առաջարկությունները Ադրբեջանի համար այնքան էլ նպաստավոր չէ։ Ըստ նրա, դրա մասին է վկայում հունիսի 18-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպը, որով Ալիևն ուզում էր ցույց տալ Մոսկվային և ԱՄՆ–ին, որ բանակցային գործընթացի այս փուլի հետ Բաքուն համաձայն չէ։

No comments: