Tuesday, July 13, 2010

Ս. Նիկոյան. Էրդողանի ելույթը նման էր գառան մորթի հագած գորշ գայլի խոսքի

Panorama.am. 13-7-2010- «Նորմալ, բանական մարդու տեսանկյունից անհասկանալի է Թուրքիայի վարչապետի ելույթը: Էրդողանի ելույթը վիրավորական է ոչ միայն հայերի համար, այլև ընդհանրապես ողջ գիտակից հասարակության համար»,- անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում հնչեցրած հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Սամվել Նիկոյանը: Նշենք, որ Բոսնիայի Սրեբրենիցա քաղաքում ունեցած իր ելույթում Թուրքիայի վարչապետը խոսել է 15 տարի առաջ զանգվածային ձևով սպանված բոսնիացի մահմեդականների մասին՝ նշելով, որ նման ոճիրները ծանր հարված են մարդկության արժանապատվությանը և սև բիծ ոչ միայն Բալկանների, այլև ողջ եվրոպայի համար: «Էրդողանի ելույթը, իմ կարծիքով, շատ նման էր գառան մորթի հագած գորշ գայլի խոսքին: Եթե Թուրքիան ճանաչած և դատապարտած լիներ հայերի նկատմամբ իրենց գործած Ցեղասպանությունը, միայն դրանից հետո Էրդողանը բարոյական իրավունք կունենար նման թեմաներով հայտարարություններ անել: Սակայն մերժողականությունը նրանց պետական քաղաքականության հիմքում է ընկած»,- ասաց ԱԺ փոխխոսնակը: Նրա խոսքերով, թուրքերը` իրենց երկրում, իրենց կողմից 1.5 մլն հայերի ամենադաժան, ամենաանմարդկային ձևով բնաջնջման մասին խոսելու փոխարեն` հայտարարություն է անում այլ պետությունում, 8000 մահմեդականի սպանության առնչությամբ: «Ճիշտն ասած` մտահոգիչ է այն հանգամանքը, որ Էրդողանը, խոսելով բոսնիացի այն կնոջ մասին, որն այդ պատերազմում կորցրել էր իր ամուսնուն և երկու որդիներին, սակայն ձեռք էր մեկնել նախագահ Տադիչին, բարձր է գնահատել այդ կնոջ վարքագիծը: Ես կցանկանայի զուգահեռներ անցկացնել և ասել հետևյալը. Սերժ Սարգսյանը ևս իր մեջ հաղթահարեց այդ մեծ անջրպետը և փորձեց նորմալ հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Իսկ ինչպե՞ս վարվեց Թուրքիայի ղեկավարը` բոլորին է հայտնի»,- ասաց Ս. Նիկոյանը: Նա նշեց, թե զուգահեռներ անցկացնելով այս երկու երևույթների միջև, գալիս ենք այն եզրակացության, որ Թուրքիայի վարչապետը չէ, որ պետք է խոսի արդարությունից, ազնվությունից,. նա չէ, որ պետք է խոսի խաղաղությունից կամ այլ պետություններում տեղի ունեցած ոճրագործություններից: «Թուրքիայի վարչապետը մեկ խնդիր ունի. ճանաչել և դատապարտել հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանությունը, դրանից հետո միայն` խոսել մնացած հարցերից: Եթե որևէ հանցանք մնում է անպատժելի, ավելի մեծ հանցանքներ են ծնվում: Եթե Թուրքիայի գործած ոճրագործությունը աշխարհի և հենց Թուրքիայի կողմից ճանաչված ու դատապարտված լիներ, որևէ այլ ոճրագործություն չէր լինի: Իսկ այժմ բոլորն էլ մտածում են, թե կարող են Ցեղասպանություն գործել և մնալ անպատիժ, որովհետև կա Թուրքիայի նախադեպը»,- ասաց ԱԺ փոխնախագահը:

No comments: