Tuesday, July 13, 2010

Բելգիայի սենատի նախագահ. Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ հարաբերությունների կարգավորման գործում

Panorama.am. 13-7-2010- «Անչափ ափսոսում եմ, որ այդ ակտիվ դիվանագիտությունը չհաջողվեց Թուրքիայի մեղքով, որը նոր պայմաններ էր առաջադրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ այն պահին, երբ գործնականում պետք է վավերացներ արձանագրությունները, որոնք արդեն պատրաստ էին, ստորագրված: Հիասթափեցնող է, որ Թուրքիան չցանկացավ ավելի հեռուն գնալ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործում»,- այս մասին հայտարարել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դը Դեկերը Բրյուսելում գտնվեղ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպման ժամանակ: Հիշեցնենք, որ նախօրեին սկսել է Հ. Աբրահամյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Բելգիա: Անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերություններին` Դեկերն ասել է, որ Եվրամիությունում Բելգիայի նախագահության շրջանում կցանկանայինխորացնել Հայաստանի հետ հարաբերությունները: «Կարծում ենք, որ դրանք էական հարաբերություններ են, ինչպես Հայաստանի, այնպես էլ նույն Եվրամիության համար, որը ցանկանում է բարելավել իր հարաբերությունները մի երկրի հետ, որի հետ կապված ենք նախևառաջ առանձնահատուկ հարաբերություններով. Եվրոպայում շատ գործուն, ակտիվ համայնքով, ինչպես նաև քաղաքական և ռազմավարական շահերով»,- ասել է Բելգիայի Սենատի նախագահը: ԱԺ նախագահն իր հերթին ընդգծել է, որ Բելգիայի հետ քաղաքական հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա և համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս համագործակցությունը բոլոր ուղղություններով ավելի կզարգանա և կխորանա: Նա ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է եվրաինտեգրման քաղաքականությունը և շարունակում է ժողովրդավարության խորացմանն ուղղված բարեփոխումները: Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, պարոն Աբրահամյանը նշել է, որ եվրոպական և միջազգային կառույցներում զգացվում է ճշգրիտ տեղեկատվության պակաս:

No comments: