Tuesday, July 6, 2010

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ «ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ» ՆՇԱՆՆԵՐՆ ԱՅՆՏԵՂ, ՈՐՏԵՂ ՀԱՐՄԱՐ Է

Հայաստանի նախագահի` Թուրքիային ուղղված քայլով սքանչացած Քլինթոնը խոսում է հելսինկյան սկզբունքներից «ԱԶԳ», 06-07-2010 - ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելեց Ծիծեռնակաբերդ: Թեեւ խոսակցություններ այդ մասին կային, սակայն հստակորեն որեւէ մեկը դժվարանում էր ասել, թե հաստատապես ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Ծիծեռնակաբերդ: Սակայն երբ Բաքվում Քլինթոնը հայտնվեց Շեհիդների ծառուղի կոչվող վայրում, կարելի է վստահանալ, որ ըստ հարմարության կիրառվող «հավասարության» գաղափարովՙ Ծիծեռնակաբերդ այցելությունը չէր ուշանա, թեկուզ մասնավոր այցի տեսքով: Ամեն դեպքում, վերջապես Հիլարի Քլինթոնը ավարտեց իր տարածաշրջանային այցելությունը: Հուլիսի 4-ին` ԱՄՆ-ի անկախության օրը, Բաքվում մեկնարկած հանդիպումների շարքը նույն օրը Հիլարին շարունակեց Երեւանում, իսկ երեկ արդեն Արեւելյան Եվրոպայի Հարավային Կովկասի երկրներ այցելությունները ավարտեց Թբիլիսիում: Կիրակի ԱՄՆ պետքարտուղարին եւ նրանց ուղեկցող պատվիրակությանն ընդունեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: ԱՄՆ անկախության տոնի առթիվ շնորհավորանքներից ու երկկողմ հարաբերությունների ընդհանրական գնահատականից հետո Սարգսյանը երկու հանգամանք է շեշտել, որոնց առնչությամբ մեծ է անձամբ Քլինթոնի ներդրումը: Ըստ պաշտոնական տեղեկատվության, որպես առաջին հանգամանք Հայաստանի նախագահը նշել է ԱՄՆ-ի ներդրումը ԼՂ խնդրի կարգավորման գործում: «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իրավունք ունի իր պատմական տարածքում ազատ տնօրինելու իր ճակատագիրը եւ զարգանալու: Այս իրավունքն անքակտելի է, եւ այս իրավունքի իրացման շնորհիվ է, որ այսօր աշխարհում շատ ժողովուրդներ իրենց երջանիկ են զգում», ասել է Սերժ Սարգսյանը: Նախագահը շնորհակալություն է հայտնել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործում ԱՄՆ-ի աջակցության համար: Նախագահի խոսքերով, «Չնայած թուրքերը պատրաստ չէին եւ այսօր էլ պատրաստ չեն առանց նախապայմանի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, մեզ համար չափազանց կարեւոր է զգալ Միացյալ Նահանգների վարչակազմի վերաբերմունքն այս խնդրի վերաբերյալ»: «Շնորհակալություն Ձեր բարի խոսքերի համար` Հելսինկիի սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի եւ նախագահ Օբամայի գործադրած ջանքերի համար: Ես անձամբ իմ անունից ցանկանում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել Թուրքիայի հետ Ձեր երկրի հարաբերությունները բարելավելու գործում Ձեր անձնական ներդրման համար», այսպես է արձագանքել Հիլարի Քլինթոնը : Հայաստանի ԱԳ նախարարի եւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի համատեղ ասուլիսում Էդվարդ Նալբանդյանը նշեց ինչպես Սերժ Սարգսյանի` Վաշինգտոն այցելության, այնպես էլ հայ-ամերիկյան հարաբերություններում ամերիկահայ համայնքի դերակատարման կարեւորությունը: Նալբանդյանի խոսքով, ԱՄՆ-ը եւ Հայաստանը համամիտ են, որ բոլոր ջանքերը ներդրվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման հասնելու համար` հիմնվելով ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, ժողովուրդների իրավահավասարության, ինքնորոշման իրավունքի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Հակամարտության լուծման նույն սկզբունքներն իր խոսքում հիշատակեց նաեւ Հիլարի Քլինթոնը: «Ինչպես ես արդեն ասել եմ Բաքվում, ԱՄՆ-ը աջակցում է խաղաղ կարգավորմանը` հելսինկյան սկզբունքների հիման վրա` ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության ու ինքնորոշման իրավունքների հիման վրա», ընդգծեց Քլինթոնը, ավելացնելով, որ բնավ էլ հեշտ քայլ չէ կարգավորումը: «Գիտենք, որ դա հեշտ չի լինի, բայց մենք կարծում ենք, որ դա անհրաժեշտ հիմք է ապահով եւ բարգավաճ ապագայի համար»: Պետքարտուղարն անդրադարձավ նաեւ հունիսի 18-19-ի միջադեպին, սակայն մինչ այս հնչած հայտարարությունների մեծ մասի նման` անհասցե, սակայն հասկանալի: Քլինթոնը դատապարտման խոսքեր ասաց ուժի կամ դրա սպառնալիքի կիրառման դեմ` չմանրամասնելով դատապարտման հասցեատիրոջը, թե բոլոր կողմերին է կոչ արվում «զերծ մնալ ուժի կամ դրա սպառնալիքի կիրառումից»: Մինսկի խմբի գործընթացը որակելով ինտենսիվ` Քլինթոնը հույս հայնտեց, թե հնարավոր կլինի իրական առաջընթաց տեսնել հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում: Այս առնչությամբ Էդվարդ Նալբանդյանը, հիշեցնելով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, նշեց, որ եւս մի կարեւոր հանգրվան գրանցվեց բանակցությունների գործընթացում. «Կողմերը պայմանավորվեցին շարունակել բանակցությունները այն հիման վրա, ինչին հասել ենք մինչ այսօր, այսինքնՙ մինչ սանկտպետերբուրգյան հանդիպումը, երբ կողմերին ներկայացվեց մադրիդյան առաջարկների նորՙ վերջին տարբերակը»: Ինչ վերաբերում է հայ-թուրքական գործընթացին, ապա Քլինթոնն իր հիացմունքն արտահայտեց «Հայաստանի նախագահի խիզախ որոշման առնչությամբ` հետեւողական լինելու խաղաղության հարցում»: ԱՄՆ-ի պետքարտուղարը խոստացավ անել հնարավորը` հայ-թուրքական համատեքստում առաջընթացի համար: Նրա խոսքերով, ԱՄՆ-ը խրախուսում է Թուրքիային կատարել այն քայլերը, որոնք «Թուրքիան խոստացել էր կատարել»` երկու կողմերին կոչ անելով «բաց պահել դուռը հարաբերությունների նորմալացման ու հաշտեցման համար»: «Գնդակը մյուս կողմում է», ակնհայտորեն նկատի ունենալով Թուրքիային` ասաց Քլինթոնը: Երեկ պետքարտուղարը հանդիպեց նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` քննարկելու մարդու իրավունքների, ժողովրդավարացման, մամուլի ազատության հարցեր: Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումը տեղի է ունեցել «Գաֆեսճյան» հիմնադրամում, որին մասնակցել են ավելի քան 25 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ` ներկայացրել են իրենց հուզող հարցերն ու խնդիրները: Հ.Գ. Երեւանում Հայաստանի նախագահի կողմից հյուրասիրության առնչությամբ Քլինթոնը ասուլիսում նշեց, որ ուտելիքը կատարյալ էր: Այդ հարցում ԱՄՆ-ի պետքարտուղարին ոչ մի դիվանագիտություն էլ պետք չէ. ԱՄՆ-ի սննդի համեմատ Հայաստանում, իհարկե, ուտելիքը ավելի համեղ է: ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: