Tuesday, July 6, 2010

Նախագահ Սարգսյանը Քլինթոնին խոստացել է վերանայել «Հեռահաղորդակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունները

«Ազատություն» 5-7-2010- Երկուշաբթի օրը Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, թե նախագահի Սերժ Սարգսյանի հետ նախորդ օրն ունեցած զրույցի ժամանակ իր մտահոգությունն է հայտնել Հայաստանում մամուլի ազատության հետ կապված հարցերի առնչությամբ: «Ձեզանից շատերը մտահոգված են հեռահաղորդակցության թվայանացմանն առնչվող վերջին օրենսդրական փոփոխությունների կապակցությամբ. Մենք, ինչպես եւ ԵԱՀԿ-ն ու Եվրամիությունը, կիսում ենք այդ մտահոգությունը», - դիմելով հանդիպման մասնակիցներին` ասաց ԱՄՆ-ի պետքարտուղարը` հավելելով, թե նախագահ Սարգսյանն իրեն պատասխանել է, որ Հայաստանի կառավարությունը պատրաստ է առաջիկա աշնանը եւս մեկ անգամ վերանայել հիշյալ օրենքը: Հիլարի Քլինթոնը, ով երկօրյա այցով Հայաստան է ժամանել կիրակի օրը, Հայաստանի քաղաքացիական հասարակության առաջնորդների, իրավապաշտպանների եւ լրագրողների հետ հանդիպմանը գովաբանեց նրանց ջանքերը` միտված ժողովրդավարական արժեքների, այդ թվում`« հաշվետու կառավարման, ազատ եւ անկախ մամուլի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի» խթանմանը: Նշելով, որ ժողովրդավարական բոլոր երկրներում ժողովրդավարական արժեքները նվաճվել ու հաստատվել են երկարատեւ ու քրտնաջան պայքարի արդյունքում, պետքարտուղարը հայտարարեց, թե ինքն այսօր այստեղ է գտնվում, որպեսզի քաջալերի «շարունակել այդ նպատակներին ուղղված ջանադիր աշխատանքը»: «Միացյալ Նահանգները, նախագահ Բարակ Օբամայի վարչակազմը եւ ամերիկյան ժողովուրդը կանգնած են ձեր կողքին` սատարելու այն ապագայի կերտման ճանապարհին, որին արժանի է ամեն մի հայ», - շարունակելով իր ելույթը` ասաց նա: Հիլարի Քլինթոնը հատուկ ընդգծեց, որ ժողովրդավարությունը միայն ընտրություններով չէ, որ դրսեւորվում է: Այն պահանջում է նաեւ «ազատ երկխոսության, գաղափարների անարգել փոխանակման հնարավորություն, թափանցիկ եւ հաշվետու կառավարում, եւ, իհարկե, ամենից առաջ` զորեղ քաղաքացիական ուժ, որը միշտ պայքարում է երկիրը ավելի ազատ, ավելի արդար եւ ավելի առողջ դարձնելու համար»: Վստահեցնելով, որ Միացյալ Նահանգների կառավարությունը պատրաստ է այս հարցերում համագործակցել Հայաստանի հետ` պետքարտուղարը հատկապես կարեւորեց լրագրողների համար ավելի «խորը պաշտպանություն» ապահովելու խնդիրը, քանի որ «միայն այդ դեպքում Հայաստանի ժողովուրդը կկարողանա ստանալ այն տեղեկատվությունը, որն անհրաժեշտ է առավել ապահով ապագա կառուցելու համար»: Եզրափակելով իր խոսքը` Հիլարի Քլինթոնը հայտարարեց, թե այն մարտահրավերները, որոնց առջեւ այսօր կանգնած է Հայաստանը, «ավելի մեծ չեն, քան արդեն իսկ հաղթահարվածները»: Հանդիպման ավարտին Հարավային Կովկասի իրավապաշտպան ցանցի հայաստանյան անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչները դիմում են հանձնել ԱՄՆ-ի պետքարտուղարին, որում նրա ուշադրությունն են հրավիրում Հայաստանում տիրող ներքին իրավիճակի վրա: «Պակաս կարեւոր չէ ներքին իրավիճակը, որը, ինչպես գիտեք, լարված է 2008-ի նախագահական կեղծված ընտրություններից ի վեր», - գրում են նամակի հեղինակները` թվարկելով այն խնդիրներ, որոնց լուծումը համարում են «քաղաքացիական համերաշխության հաստատման նախապայման` «քաղբանտարկյալների ազատ արձակում», «մարտի 1-ի սպանությունների արդար հետաքննություն», «Ա1+ հեռուստաընկերության գծով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճտի կատարում» եւ այլն: «Ակնկալում ենք, որ Միացյալ Նահանգները իր հնարավորությունների շրջանակներում, գործածելով իր լծակները, ազդելով Հայաստանի իշխող վարչակազմի վրա, կօգնի Հայաստանի քաղաքացիական հասարակությանն ու հանրությանը լուծել վերոհիշյալ խնդիրները», - եզրափակում են նամակի հեղինակները: Հարկ է նկատել, որ Միացյալ Նահանգների պետքարտուղարն իր այսօրվա ելույթում չանդրադարձավ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների հետեւանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդրին: Ավելի վաղ, հիշեցնենք, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, թե այդ խնդիրը Միացյալ Նահանգների համար «շարունակում է մնալ իբրեւ մտահոգության առարկա»:

No comments: