Wednesday, July 14, 2010

Էրդողան. Ղարաբաղի խնդրի եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացները կապված են եւ զուգահեռ են ընթանում

News.am. 14-7-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել իր ղեկավարած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության խորհրդարանական համաժողովին, որտեղ անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ այդ գործընթացի՝ ադրբեջանցիների կողմից շահարկմանը։ Թուրքական Medya7-ի փոխանցմամբ՝ Էրդողանը խիստ քննադատության է ենթարկել ադրբեջանցի պատգամավորներին, ովքեր, անհանգստացած հայ-թուրքական հնարավոր հաշտեցումից, վերջին շրջանում նույն շարժառիթով այցելել են Թուրքիա։ Էրդողանը ափսոսանք է հայտնել, որ նման կարեւոր ու զգայուն խնդիրը դարձել է շահարկման առարկա եւ զգուշացրել ադրբեջանցի պատգամավորներին. «Ադրբեջանից գալիս են Թուրքիա ու սխալ քաղաքականություն են իրականացնում։ Նրանք սխալ են անում։ Մեր կուսակցությունը իշխանության գալուց ի վեր ադրբեջանցի եղբայրներին երբեք միայնակ չի թողել։ Շատ բաց եմ խոսում։ Այս պահին թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները կապված են միմյանց եւ զուգահեռ են ընթանում։ Սրանից դուրս այլ բան մտածելը՝նշանակում է Թուրքիայի եւ մեր կուսակցության հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք ցուցաբերել»-նշել է Էրդողանը։ Անդրադառնալով Ղարաբաղի խնդրի կարգավորման աշխատանքներին, Թուրքիայի վարչապետը նշել է, որ իրենք Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ ԱՄՆ-ին, Ֆրանսիային եւ Ռուսաստանին միշտ հիշեցրել են խնդրի արագ կարգավորման անհրաժեշտության մասին, եւ հիմա էլ հետեւողական են խնդրի հետ կապված զարգացումներին։ «Իհարկե, տարածաշրջանում վստահություն եւ կայունություն ապահովելու եւ խաղաղություն հաստատելու համար մեր ձեռքից եկած ամեն բան անելու ենք»,-ամփոփել Էրդողանը։

No comments: