Saturday, July 3, 2010

Մևլութ Չավուշօղլու. Հայկական մամուլն ու քաղաքական գործիչները ապատեղեկացնում են հանրությանը

Tert.am. 3-7-2010- Երեկ ավարտվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուի առաջին պաշտոնական այցը Ռուսաստանի Դաշնություն: Այցի մանրամասներն ամփոփող ասուլիսում Չավուշօղլուն խոսել է ռուս-եվրոպական հարաբերությունների, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի և Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսման հնարավորության մասին: Թուրքական Cihan գործակալության փոխանցմամբ` ի պատասխան հայ լրագրողի այն հարցին, թե «Դուք նշում եք, որ կողմ եք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի առնչությամբ բանակցային ձևաչափի փոփոխությանը: Մի՞թե դա չի դժվարացնի հիմնախնդրի կարգավորումը»՝ Չավուշօղլուն հայտարարել է. «Նախ ասեմ, որ նման պնդումներին բացարձակապես չեմ միանում: Պարզ ասեմ, ըստ իս` որոշ հայկական լրատվամիջոցներ և քաղաքական գործիչներ հանուն իրենց շահերի ապատեղեկացնում են հանրությանը և հասարակության մեջ սխալ պատկերացում ձևավորում: 2005թ. ԵԽԽՎ-ն որոշում է կայացրել ղարաբաղյան հիմնախնդրի առնչությամբ հանձնաժողով ստեղծելու մասին: Եվ քանի որ Երևանին այդ որոշումը բոլորովին դուր չէր գալիս, նախաձեռնությունն սկսվեց կապվել իմ անվան հետ, ինչը սխալ է: Բացի այդ, Հայաստանը շահարկում է իմ` թուրք լինելու գործոնը»,- հայտարարել է Չավուշօղլուն` ավելացնելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ ենթահանձնաժողովի ստեղծումն իր հետ որևէ առնչություն չունի: «Այդ հանձնաժողովն իմ օրոք չի ձևավորվել, իսկ հանձնաժողովի նախագահ Ռասել Ջոնսթոնը մահացել է: Իմ նպատակը ԵԽԽՎ-ում հայկական և ադրբեջանական պատվիրակությունների միջև երկխոսության ապահովումն է, ինչպես դա առկա է վրացական և ռուսական պատվիրակությունների միջև: Ես հայտարարել եմ, որ հանձնաժողովն իր գործունեությունը կսկսի այն բանից հետո, երբ կողմերի միջև ձեռք բերվի համաձայնություն: Իսկ հայ խորհրդարանական Դավիթ Հարությունյանն աջակցել է դրան»,- ասել է ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն:

No comments: