«ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցը թեեւ տարածաշրջանային է, բայց ինքնին նրա այցը տարածաշրջան հենց այնպես լինել չի կարող»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ է հայտնել Հայաստանի նախկին ԱԳ նախարար, Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Վահան Փափազյանը։ Նա նաեւ հավելել է, թե պետքարտուղարները հենց այնպես ու այդքան հաճախ չեն այցելում տարածաշրջան, հետեւապես, եթե կազմակերպվել է նման այց, ապա ԱՄՆ-ը լուրջ խնդիրներ ունի քննարկելու։ Դիվանագետի խոսքով՝ մասնավորապես Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկվելիք հարցը վերաբերելու է բնականաբար ԼՂ բանակցային գործընթացին։
«Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, իրենց պետական այրերի մակարդակով առանձին-առանձին արդեն հայտարարել են, որ իրենց համար ընդունելի է համանախագահող երկրների վերջին՝ Կանադայում արված հայտարարությունը։ Հետեւապես, եթե այդ ձեւաչափն ընդունելի է բանակցային գործընթացը շարունակելու եւ կարգավորման սկզբունքներն ընդունելու առումով, մնում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համատեղ հայտարարեն այդ մասին ու ստորագրեն որեւէ փաստաթուղթ՝ հայտարարելով, որ իրենք ընդունում են այդ փասթեթը։ Եւ ենթադրում եմ, որ տիկին Քլինթոնի հիմնական նպատակը պիտի լինի հասնել հենց դրան»,-նկատեց Փափազյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղարի այցը բեկում կմտցնի հայ-թուրքական գործընթացում, Փափազյանն ասել է. «Ինձ թվում է՝ տիկին Քլինթոնը կշարունակի ասել, որ իրենք առանձնացված են դիտարկում ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Սակայն նա էլ հիանալի հասկանում է, որ առանց մեկի՝ մյուսը հնարավոր չէ։ Այսինքն, հրապարակային հայտարարությունների մակարդակով իրենք կշարունակեն պնդել, որ այդ երկու գործընթացները առանձին գործընթացներն են՝ միաժամանակ ավելացնելով, որ մեկի լուծումը օգնելու է մյուսի լուծմանը»,-նկատեց ընդդիմադիր գործիչը։ Ըստ Փափազյանի՝ այս առումով որեւէ նոր բան սպասել չարժե, «քանի որ հայկական կողմին ընդամենը լավություն կարվի, ասելով, որ հայկական կողմի որոշումն այդ հարցում արդարացված է»։
ՀԱԿ ներկայացուցիչը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյո՞ք Քլինթոնի այցից հետո ԼՂ խնդրի հետ կապված որեւէ փաստաթուղթ կստորագրվի։ «Ես ենթադրում եմ, որ Քլինթոնի այցը Բաքու եւ Երեւան մի նպատակ ունի՝ հասնել ԼՂ հարցում առաջընթացի»,-նկատեց Փափազյանը՝ միաժամանակ հավելելով, թե ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկված սկզբունքներում «մի մեծ անհեթեթություն կա»։ «Հակամարտության մասնակիցներից մեկը՝ ԼՂ-ն, ընդհանրապես չկա, եւ ըստ իս, դա միջնորդներին ընդհանրապես չի անհանգստացնում։ Եւ նրանք շարունակելու են պնդել, որ ոչ մի կողմն էլ առաջարկված սկզբունքներից ավելին ակնկալելու հույս թող չունենա։ Սրանք են այն հիմնական կետերը, որոնց շուրջ կողմերը պետք է ընդարձակ փաստաթուղթ պատրաստեն ու դրանով հարցը կարգավորեն»։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահները հունիսի 26-ին «Մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ: Դրանում նշվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները «որպես կարեւոր քայլ են դիտարկում երկու կողմերից այն փաստի ընդունումը, որ ամուր կարգավորումը պետք է հիմնված լինի մի շարք սկզբունքների վրա, մասնավորապես՝ ԼՂ-ի շուրջ տարածքների վերադարձման, ԼՂ-ի համար միջանկյալ կարգավիճակի, անվտանգության եւ ինքնավարության երաշխիքների ապահովման, Հայաստանն ու ԼՂ-ն իրար կապող միջանցքի սկզբունքների վրա»:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment