Wednesday, July 14, 2010

Ալիև. «Մեր ռազմական հզորությունը կարող է որոշիչ դեր խաղալ»

7Or.am. 15-7-2010- Երեկ երեկոյան նախարարների կաբինետի նիստի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ նավթային ոլորտին հետագայում ևս հատուկ ուշադրություն է դարձվելու, և իրենք հասել են իրենց նպատակին՝ նավթային գործոնը Ադրբեջանի բոլոր ոլորտների զարգացման հարցում օգտագործելուն։ «Այսօր Ադրբեջանի ամբողջ ռազմական ծախսը կազմում է 2 մլրդ. 150 մլն. դոլար, ինչը գերազանցում է Հայաստանի ողջ պետական բյուջեն,-ասել է Ալիևը:-Մեր ռազմական հզորությունը կարող է որոշիչ դեր խաղաղալ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում»։ Նա հավելել է, թե թեև իրենք ցանկանում են հարցը բանակցությունների միջոցով լուծել, սակայն երբ նման հզորություն ունեն, դա իրենց դիրքերն է՛լ ավելի ամուր է դարձնում։ «Մեկ անգամ ևս ցանկանում եմ ասել, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա երբեք չի եղել և չի լինի։ Միջնորդների առաջարկների էությունն այն է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգվի, զորքերը պետք է դուրս բերվեն «գրավյալ» բոլոր տարածքներից, բռնի տեղահանվածները պետք է վերադառնան և կվերադառնա՛ն իրենց հարազատ հողերը, այդ թվում և Լեռնային Ղարաբաղ,-հայտարարել է Ադրբեջանի նախագահը։-Ինչ վերաբերում է ԼՂ-ի ապագա կարգավիճակին, ապա առանց Արդբեջանի Հանրապետության համաձայնության՝ ԼՂ-ին ոչ մի կարգավիճակ չի կարող տրվել։ Դա բանակցությունների անքակտելի մասն է»։ Նա նաև հավելել է, որ երբ հայկական կողմը խոսում է, թե ԼՂ-ն երբևէ անկախ կլինի, դա ոչ այլ ինչ է, քան նրանց երևակայությունը, ցանկությունը և երազանքը. «Սեղանին դրված փաստաթղթում ԼՂ-ի կարգավիճակի, դրա սահմանման վերաբերյալ ամեն ինչ բաց մատնանշված է։ Կրկին ցանկանում եմ ասել, որ Ադրբեջանի Հանրապետությունը կասի իր խոսքը, և այն որոշիչ կլինի։ Ադրբեջանն ու ադրբեջանական ազգը ԼՂ-ին երբեք որևէ մի կարգավիճակ, որը կարող է այն բաժանել Ադրբեջանից, չի տա։ Բանակացություններում քննարկվող հարցրում չկա և չի էլ կարող լինել ոչ մի մեխանիզմ՝ կապված Ադրբեջանից երբևէ ԼՂ-ի առանձնացման հետ»։ Նա նաև հավելել է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը հաջողությամբ կարող է լուծվել տարածքային ամբողջականության սկզբունքի շրջանակներում։

No comments: