Tert.am. 3-7-2010- Քիչ հավանական է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնի` հարավկովկասյան այցելությամբ դրական տեղաշարժեր գրանցվեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացներում: Այս մասին է գրում թուրք վերլուծաբան և Milliyet օրաթերթի հոդվածագիր Սեմիհ Իդիզը` անդրադառնալով թուրք-իսրայելական լարված հարաբերություններին և Հիլարի Քլինթոնի տարածաշրջանային այցելությանը:
Սեմիհ Իդիզը, «Իսրայելը վերածվում է թուրք-ամերիկյան հարաբերությունների պայմանի» վերնագրով իր հոդվածում անդրադառնալով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած ճգնաժամին՝ մեջբերում է անցած շաբաթ Գերմանիայում Թուրքիայի թեմայով տեղի ունեցած համաժողովի մասնակիցներից մեկի` The Rand Corporation-ի Թուրքիայի հարցերով մասնագետ Ստեֆան Լարեբիի հետևյալ հայտարարությունը.
«Ստեղծված իրավիճակում հնարավոր է` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը դարձյալ հայտնվի ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում: Սակայն Օբամայի վարչակազմը դարձյալ դրան դեմ դուրս կգա: Միայն թե մի կետից հետո այլևս չի համարձակվելու հակառակվել Կոնգրեսին: Ներկա պահին Կոնգրեսում տիրող մթնոլորտը Թուրքիայի օգտին չէ»:
Թուրք վերլուծաբանն այս մեջբերումից հետո անում է հետևություն, որ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման հավանականությունը մեծացել է` հաշվի առնելով հրեական լոբբի աջակցությունն ու թուրք-իսրայելական հարաբերություններում տեղի ունեցած վերջին զարգացումները:
«Օբամայի վարչակազմն անհանգստացած է, որ դա կարող է շաղկապվել թուրք-ամերիկյան հարաբերություններին: Այդ պատճառով ցանկանում է հնարավորին շուտ կարգավորել թուրք-իսրայելական հարաբերությունները: Իսկ այդ ընթացքում այս շաբաթվա վերջին Երևան և Բաքու է այցելելու Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարը Քլինթոնը, ով փորձելու է նույն նկատառումով վերակենդանացնել հայ-թուրքական հարաբերությունները: Սակայն դժվար թե երկու ճակատներում ապահովվի ցանկալի առաջընթաց, քանի որ գծերը շատ թանձր են քաշված»,- գրում է Սեմիհ Իդիզը` նշելով, որ թուրքական իշխանությունն Իսրայելի թեման արծարծելու է իր նախընտրական քարոզարշավում:
«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, ապա պետք է ասել, որ այն ընկել է ցեխը` թուրքական կառավարության` հարցը վատ ուղղորդելու և ներքաղաքական հաշվարկներն առաջին պլան մղելու հետևանքով: Իսկ դա նոր ճգնաժամեր է առաջ բերելու թուրք-ամերիկյան հարաբերություններում»,- գրում է Սեմիհ Իդիզը:
Saturday, July 3, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment