Tuesday, August 3, 2010

Վերլուծություն. Բրայզայի` Ադրբեջանում դեսպան նշանակվելը վատ նախանշան է ԼՂՀ ինքնորոշման համար

ԵԱՀԿ Մինսկի խմբում ղարաբաղյան կարգավորման հարցով զբաղվող նախկին ամերիկացի միջնորդի` Ադրբեջանում ԱՄՆ դեսպան նշանակվելու հնարավոր հեռանկարը ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է դարձել Հայաստանում: Եվ այդ կապակցությամբ գլխավոր հարցը հետևյալն է` ինչպե՞ս կարող է Մեթյու Բրայզան ազդել բանակցային գործընթացի վրա` հաշվի առնելով նրա սերտ հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական շրջանակների հետ, ինչպես նաև հայտնի թուրքական ընտանիքի հետ նրա բարեկամական կապը: Թեման ակտիվացել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած լսումներից հետո, որի ընթացքում Բաքվում ԱՄՆ դեսպանի թեկնածու Մեթյու Բրայզան պատասխանել է բավական անհարմար հարցերի` կապված ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ նրա կանխակալ դիրքորոշման հետ: Հուլիսի 20-ին «Վաշինգտոն թայմսը» նույնիսկ հոդված է հրապարակել, որում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անհանգստությունն է նշել ադրբեջանցի և թուրք քաղաքական շրջանակների և վառելիքակոմունիկացիոն ձեռնարկությունների հետ Բրայզայի չափազանց սերտ հարաբերությունների կապակցությամբ: Բրայզան տարածաշրջանի վրա ազդեցության բազմաթիվ լծակներ ունի, և անկախ իր առաքելությունից` միջնորդ Միսկի խմբում, թե դեսպան Ադրբեջանում, նրա մշտական ներկայությունը Հարավային Կովկասում մի շարք գործընթացներ համակարգողի ներկայություն է: Որպես ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Ասիայի հարցերով ղեկավարի տեղակալ և ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական նա մշտապես աշխատել է և´ Վրաստանի, և´ Ադրբեջանի, և´ Հայաստանի հետ: Սենատում լսումների ժամանակ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հիշեցրել է, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը պաշտոնանկ է արվել «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունն օգտագործելու համար: «Ի՞նչ դերակատարում եք ունեցել Էվանսի պաշտոնանկության գործում»,- հարցրել է նա Բրայզային: Բրայզան հերքել է իր մասնակցությունն այս գործին: Բրայզային հարցրել են նաև, թե ինչո՞ւ է նա այդքան համոզված, որ Լեռնային Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Միսկի խմբում միջնորդ նշանակվելու պահից սկսած նա հենց այդ ուղղությամբ լոբբինգ է իրականացրել, իսկ «ԲիԲիՍի»-ին տված հարցազրույցի ժամանակ ուղղակիորեն հայտարարել է, որ բոլոր մնացած սկզբունքներից զատ, ի թիվս որոնց` ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքից, գլխավորը տարածքային ամբողջականության սկզբունքն է: Սենատոր Մենենդեսը հարցրել է Բրայզային. «Միթե՞ Ամերիկայի քաղաքականության ամենակարևոր սկզբունքը ազգերի անկախ ինքնորոշման սկզբունքը չէ»: Բրայզան չի պատասխանել կոնկրետ այդ հարցին և վկայակոչել է այն ժամանակվա փոխնախագահ Դիկ Չեյնիի դիրքորոշումը` ասելով, որ դեռ «ԲիԲիՍի»-ին տված իր հարցազրույցից առաջ նա Բաքվում ասել է, որ տվյալ հակամարտության լուծումը պետք է համապատասխանի Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքներին: 2005 թ. ԵԱՀԿ Մինսկի խմբում Բրայզայի հայտնվելը նշանավորվել է այսպես կոչված Շրջանակային համաձայնագրի ներկայացմամբ, որը հենց միջնորդի խոսքով` «կոչ է անում դուրս բերել հայկական զինված ուժերը Ադրբեջանի այն տարածքներից, որտեղ նրանք այժմ տեղակայված են»: Բրայզայի միջնորդական առաքելության շրջանում են հայտնվել նաև Մադրիդյան սկզբունքները, որոնք ենթադրում են Լեռնային Ղարաբաղին նոր կարգավիճակի տրամադրում, սակայն Ադրբեջանի կազմում անպայման լինելու պայմանով: Դա 2007 թ. նոյեմբերին էր: «Եթե ամեն անգամ, երբ բարձրացվում է ինքնորոշման հարցը, մենք ճանաչենք այս կամ այն տարածքային միավորի անկախությունը, ապա կխախտվի Հելսինկյան ակտի մյուս նորմը` տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը»,- այն ժամանակ հայտարարել էր Բրայզան: ԵԱՀԿ Մինսկի խմբում Բրայզայի հայտնվելով ակտիվացել է նաև Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, որի հանձնարարականներն այնքան կարևոր են, որ հաճախ ազդում են այս կամ այն հարցի վերաբերյալ վերջնական որոշումներ ընդունելու վրա: «Որպես ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ` ես օգտվել եմ Միջազգային ճգնաժամային խմբի արտադրանքից: Խմբի պատրաստած զեկույցները և վերլուծական հետազոտությունները, որպես կանոն, պարունակում էին այնպիսի տեղեկություն, որը հնարավոր չէր ստանալ այլ աղբյուրներից: Ուստի զարմանալի չէ, որ նրանց հանձնարարականները հաճախ իրենց տեղն էին գտնում մեր կողմից վերջնական քաղաքական որոշումներ ընդունելու գործընթացում»,- խոստովանել է Ստրոուբ Թելբոթը: Մինսկի խմբում` որպես ամերիկացի միջնորդ Բրայզայի նշանակումով Ճգնաժամային խմբի զեկույցները տարեցտարի դառնում էին ավելի կոշտ ու միանշանակ: Արդեն 2005 թ. սեպտեմբերին Ճգնաժամային խումբը հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հարցով զեկույցի տեքստը, որում ասվում էր. «Լեռնային Ղարաբաղը ձգտում է անկախության և հիմնավորում է ինքնիշխան պետություն կառուցելու իր ունակությունը` ժողովրդավարական ճանապարհով ընտրված կառավարությամբ` պետականության պայմաններին և չափորոշիչներին համապատասխան: Սակայն միջազգային դիտանկյունից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մասն է… Լեռնային Ղարաբաղը մոլորակի ամենառազմականացված հասարակություններից մեկն է»: Հենց այս զեկույցից հետո Ադրբեջանի ղեկավարությունը սկսեց ավելի արմատական կոչերով հանդես գալ, ընդ որում Բրայզան, ըստ էության, երբեք չի դատապարտել Ադրբեջանի իշխանությունների մարտաշունչ հայտարարությունները: Բրայզայի մշտական ներկայությունը տարածաշրջանում (որպես Ադրբեջանում ԱՄՆ դեսպան) էլ ավելի կակտիվացնի հենց Միջազգային ճգնաժամային խմբի գործունեությունը, որի դիրքորոշումը հիմնված է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի լինելու անհրաժեշտության վրա: Արիս Ղազինյան «ԱրմենիաՆաուի» թղթակից. 29-7-2010-

No comments: